ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման կարևորությունը:
Ալիևը Պուտինին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:
Կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի:
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել նաև Թուրքիայի վրա։ Մեր դիրքորոշումը ընկալելի է: Դա պետք է հաշվի առնել նաև մեր միջնորդական դերակատարման հետ կապված»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 8-ին սպասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական ռազմական պատվիրակության այցը Թուրքիա:
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ
Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այժմ մենք արդեն հստակ ծրագիր ունենք՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ Արդեն այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը:
Նա կարծիք է հայտնել, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելը հավելել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի հետ:
«Դա է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը»,- ասել է Բորելը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Բորելի խոսքով՝ ԵՄ-ն, սակայն, ռուսական էներգակիրների ամենակարևոր գնորդն է, և Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ ու նվազեցնել նավթի գինը:
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Էրդողանը ՌԴ ղեկավարին տեղեկացրել է, որ պատրաստ է Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Ստամբուլում, ինչպես նաև մասնակցել կողմերի միջև մոնիթորինգի մեխանիզմին, եթե Մոսկվան և Կիևը համաձայնեն դրան:
Նշվում է, որ ռուսական կողմը չի մեկնաբանել այդ նախաձեռնությունը և տեղեկացրել է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման շուրջ քննարկումների մասին:
Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ևս Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է շարունակելու անհրաժեշտ աջակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար՝ ներառյալ միջնորդական ջանքերը:
ԽԵՐՍՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՌԴ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Խերսոնի շրջանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու գործընթաց, որպեսզի տարածաշրջանը դառնա Դաշնության լիարժեք սուբյեկտ:
Այդ մասին հայտարարել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԵՄ ղեկավարներին՝ Մոսկվայի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար:
«Ինչո՞ւ եք կախված Ռուսաստանից, նրանց ճնշումներից, և ոչ հակառակը, Ռուսաստանը պետք է կախված լինի ձեզնից, ինչո՞ւ Ռուսաստանը կարող է օրական գրեթե մեկ միլիարդ եվրո վաստակել էներգիա վաճառելով: «Ինչո՞ւ են ահաբեկչական բանկերը դեռ աշխատում Եվրոպայի և համաշխարհային ֆինանսական համակարգի հետ, դրանք լուրջ հարցեր են»,- հարցրել է Զելենսկին ԵՄ ղեկավարներին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը ծայրահեղ բարդ է համարել Դոնբասի իրավիճակը: Ըստ նրա՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները: Զելենսկու խոսքով՝ անցած գիշեր Խարկովում մի քանի մարդ է վիրավորվել հրթիռակոծության հետևանքով: