ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է. նպատակը` առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է:
Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ:
Քննարկվել են մեկ տարի առաջ գործընկերների կողմից ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրից բխող անելիքները, մասնավորապես` ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հյուրընկալող կողմը ներկայացրել է Լիտվայում իրականացված բարեփոխումները, դրանց արդյունքները:
Ընդգծվել է, որ շարունակում են աշխատել ծրագրերի արդյունավետության բարձրացման, հատկապես երկարաժամկետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Այժմ աշխատանքներ են տարվում բուժօգնության որակը բարելավելու նպատակով, որպեսզի հիվանդանոցային բուժօգնությունն ավելի կենտրոնացվի առաջնային օղակում, ինչը նվազ ծախսատար է:
Նաև խոսել են ապահովագրական ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների շուրջ, որոնք տրամադրվում են գործատուի և աշխատողի կողմից (քաղաքացիների մասնաբաժինը 6%-ի շրջանակներում): Կողմերն անդրադարձել են նաև ապահովագրության շրջանակներում դեղորայքի ծախսին վերաբերող հարցին, որը 100%-ով փոխհատուցում է ապահովագրության ֆոնդը, ինչն էլ նվազեցնում է բնակչության լրացուցիչ ծախսերը դեղորայքի ձեռքբերման համար:
Քննարկվել են նաև երկու երկրների հետագա գործակցության ուղղությունները:
Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը: