Վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանությունը կրկին դարձել է ագրեսիվ, ադրբեջանական գնդակից շաբաթ օրը վիրավորված զինվորի կյանքը փրկել չհաջողվեց:
ԼՂ հակամարտությունը լուծված է, «Զանգեզուրի միջանցք» կբացվի՝ սրանք են Ալիևի հայտարարությունները, որոնք հակասում են միջազգային պայմանավորվածություններին:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Ես կարծում եմ` Ալիևի կոշտ հայտարարությունները միտված են բրյուսելյան պայմանավորվածությունները տապալելուն, որովհետև իրավունքի դաշտում զրույցը այն չէ, ինչ ակնկալում էր Բաքուն:
Քաղաքագետը նշում է՝ թեև այդ հայտարարությունները հիմք չունեն, բայց Ալիևի համար լուծում են որոշակի խնդիրներ: Երևանի մամուլի ակումբի նախագահը թվարկում է դրանք:
Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Ներքին լսարանի համար ապահովել դրական մթնոլորտ, ցույց տալ, որ մնում է շատ պահանջկոտ և Հայաստանի առջև դնում է պայմաններ, երկրորդ խնդիրը լարված պահելն է ամբողջ մթնոլորտը բանակցությունների շուրջ, և երրորդը` գուցե հասնել նրան, որ Հայաստանը ինչ-որ պահի կհրաժարվի բանակցություններից, ու պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա:
«Ադրբեջանի նման ապակառուցողական գործելաոճի պայմաններում արդյոք նպատակահարմա՞ր է գնալ բանակցության» հարցին ի պատասխան փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանը նման քայլերով փորձում է հասնել բանակցությունների ձախողման՝ սակայն մեղքը Հայաստանի վրա բարդելով, իրեն ներկայացնելով որպես կառուցողական կողմ։
Ստյոպա Սաֆարյան - Ղարաբաղի խնդիրը ուժային եղանակով լուծել չի կարող, կրակել կնշանակի կրակել Ռուսաստանի վրա, էթնիկ տեղափոխության վտանգ ստեղծել՝ չի կարող, խոսքը 140000 էթնիկ բնակչության մասին է: Սկսում է դրդել հայկական կողմին, որ հայկական կողմը կամ հետքայլ անի, ասի՝ ես քո հետ էլ չեմ բանակցի, դու չես պահպանի քո խոստումը, ձախողենք պրոցեսը, որը իրենց հիմք կտա ասելու` ես խնդիրը լուծում եմ ուժով:
Այսինքն՝ լեգիտիմացնել նոր պատերազմը, նշում է Սաֆարյանը: Պատահական չէ Ալիևի վերջին ելույթում տեղ գտած այն շեշտադրումը, թե «այսօր ուժի գործոնն առաջին պլանում է ... իսկ միջազգային իրավունքը չի գործում»։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այդկերպ բանակցային բոլոր ուղղությունների վրա փորձում է ազդել:
Բորիս Նավասարդյան - Բոլոր ուղղություններով շատ քիչ կան բան կա, որ հստակ է, որ վերջնականապես համաձայնեցվել են կամ ընկալվել են միջնորդների կողմից: Բանակցություններին այլընտրանքը չկա, ցանկացած պատերազմ պետք է ավարտվի համաձայնությամբ:
Բրյուսելյան պայմանավորվածություններն ամենևին այն չեն, ինչ ներկայացնում է Ալիևը իր հասարակությանը՝ ընդգծում է Սաֆարյանը, որպես օրինակ «Զանգեզուրի միջանցք» թեզն է բերում: Չնայած 1,5 տարի ձգձգում են ապաշրջափակման գործընթացը` այդ միջանցքին հասնելու համար, բրյուսելյան հայտարարության մեջ միջանցքային տրամաբանություն չկա. հարցերը միջազգային իրավունքի նորմերով են կարգավորվում՝ ինքնիշխանության պահպանում, սահմանային վերահսկողություն, անձնագրերի և բեռների վերահսկողություն։
Ստյոպա Սաֆարյան - Ինչպիսի բառաֆոնդով էլ ներկայացնի, դա սովորական միջազգային տրանզիտ ճանապարհ է: Ինչպես մենք Իրանի հետ ունենք, Վրաստանի հետ ունենք, անցակետերում ստուգվում են, անցնում: Էն խնդիրները, որ ուզում է լուծել, չի ստացվում, ինքը սադրում է՝ այս է եղել, ես հաղթել եմ, ինչ ուզում եմ՝ ստանում եմ, դրան ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որով ասվում է` Ադրբեջանը հետ է կանգնում, ու նույն օրը սահմանային միջադեպն է տեղի ունենում դադարից հետո: Հայաստանի հիշեցումը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին նյարդայնացնում է Բաքվին, և նա դիմում է իր ավանդական զենքին:
Ադրբեջանական ագրեսիվության մեկ այլ պատճառ էլ, փորձագետների դիտարկմամբ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիևի փակուղային պատկերացումներն են:
Բորիս Նավասարդյան - Հայտարարել է իր հասարակությանը, որ խնդիրը լուծել է, ու Մինսկի խումբ չկա, բայց արդեն երրորդ հանդիպումն է, որ այդ հարցը քննարկում են, դա խնդիր է, քանի որ ասելու են` բա ինչ ես քննարկում:
Ալիևին սակարկությունների դաշտ չեն տալիս նաև միջազգային դերակատարները` չնայած Ադրբեջանի լոբբիստների ակտիվ աշխատանքին, պնդում են փորձագետները: Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Հայաստանի նկատմամբ բացասական կարծիք ստեղծելու համար արդեն երկար ժամանակ Ադրբեջանը ռուս գործընկերներին փորձում է համոզել, որ Հայաստանը դավաճանելու է իրենց, Արևմուտքում էլ հակառակն է պնդում: Փորձագետների համոզմամբ` Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները նույնպես ազդեցություն են թողել Ադրբեջանի վարքագծի վրա:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան