Վերջին գործողությունները՝ ճանապարհ դուրս գալուց առաջ: Հայկական պտուղ-բանջարեղենը այս բեռնատարներով կհասնի ԵԱՏՄ երկրներ: Բեռնատարները պատկանում են «Գլոբալ քոննեքթ» ընկերությանը: Պատվերները շատ են, պահանջարկը՝ մեծ, պակասում էին մեքենաները: Ընկերությունը որոշեց պետության կողմից կապիտալ ներդրում ներգրավել:
Սերգեյ Գրիգորյան («Գլոբալ քոննեքթ» ընկերության տնօրեն) - Դիմել ենք ԱՆԻՖ-ին, որովհետև ունեինք հաճախորդներ, որոնք օգտվում էին մեր ընկերությունից, ուղղակի շատ ժամանակ չէր բավականացնում մեր սեփական բեռնատարները, օգտվում էինք այլ ընկերություններից, բացի հայկականից, նաև այլազգի տրանսպորտային ընկերություններից, այդ իսկ պատճառով որոշեցինք ունենալ մերը:
Սեփականն ունենալու համար ընեկերությանը ձեռք մեկնեց ԱՆԻՖ-ը: «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդը ԱՆԻՖ-ի դուստր կառույցն է, գործակցում է մասնավորի հետ, գործում գումար ներդնում, փոխարենը բաժնեմաս ստանում: Տվյալ դեպքում հիմնադրամը «Գլոբալ քոննեքթին» 1.4 մլն դոլար է տրամադրել՝ նոր բեռնատարներ ձեռք բերելու համար:
Սերգեյ Գրիգորյան - Ներկա պահին 9 բեռնատար արդեն Հայաստանում ա, որոշ մասը արդեն մեկնել ա աշխատանքի:
Եվս 3 բեռնատար շուտով մեր երկրում կլինի, իսկ ընդհանուր 15 մեքենա են պատվիրել: Հիմնադրամին են ներկայացրել ընկերության ռազմավարությունը՝ մեքենաների քանակի ավելացմամբ ավելացնել բեռնափոխադրումների ծավալը, գործակցել տեղական խոշոր արտահանողների և ներկրողների հետ, տրամադրել որակյալ ծռայություններ: Այս տարեսկզբին ստորագրված համաձայնագրի արդյունքում ընկերության բաժնեմասի 49 տոկոսն անցել է «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդին:
Հայկ Թադևոսյան (ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն) - Այս փուլում, կարելի է ասել, որ ծրագիրը 90 տոկոսով իրականացված է, որովհետև նախատեսվող մեքենաների մեծ մասը՝ 90 տոկոսը, արդեն ձեռք է բերված և ներմուծված Հայաստան: Ձեռք են բերվել եվրոպական հեղինակավոր լիզինգային ընկերություններից:
«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային հիմնադրամը ի սկզբանե նախատեսված է եղել օգտագործել որպես քովիդի առաջացրած ճգնաժամային իրավիճակը մեղմող գործիք: Հետագայում պահանջարկն ավելացել է, ֆոնդն էլ սկսել է գործակցել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ: Տրամադրում է կես միլիոնից 4 մլն դոլար, ստանում ընկերության 25-ից մինչև 49 տոկոս բաժնեմասը՝ կախված ներդրումի չափից:
Հայկ Թադևոսյան - Համագործակցության համար, եթե չասեմ՝ խիստ, բայց բավականին մանրակրկիտ վերլուծություն է անցկացվում ընկերության գործունեության, ֆինանսների, բիզնես պլանի, և դրա հիման վրա մեր ներդրումային կոմիտեն որոշում ա ընդունում ընկերությունում մասնակցություն ունենալու կամ չունենալու մեջ: Ասեմ, որ բավականին մեծ հոսք կա հայաստանյան ընկերությունների, որոնք որ տեսնում են, որ կարող են համագործակցել, և տեսնում են, որ պատրաստ են կապիտալ ներդրումների, այլ ոչ թե բանկային վարկավորման:
Ֆոնդի գործունեության ընթացքում 200 հայտ է ներկայացվել, 6-ի դեպքում կնքվել է համաձայնագիր, խոստանում են առաջիկայում ևս մի քանի հաջողած գործակցության մասին հայտնել: Այսպես, ԱՆԻՖ-ը փորձում է խթանել ու ակտիվացնել ներդրումային դաշտը, նաև արմատավորել բաժնեմասնակցային ներդրումների մշակույթը: