Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկային։ Այս մասին ասված է նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ֆրանսիայի վճռական հավատարմությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ աջակցում եմ վերջին ամիսներին արձանագրված դրական դինամիկային՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատմանը, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- նշված է ուղերձում:
Մակրոնն ընդգծել է նաև տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը: