Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ՝ տեղեկացնում են նախագահի գրասենյակից:
Վրաստանի Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել. «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր մակարդակի այցերով»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում և մեծապես կարևորում է հայ-վրացական հարաբերությունները։ Հայ և վրացի ժողովուրդների եղբայրական դարավոր հարաբերություններն այսօր էլ հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական համագործակցության վրա»։
Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամության խմբերի, երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման հարցերին, նշվել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը շահագրգռված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմամբ, քանի որ դա է տարածաշրջանի զարգացման հիմնական և ամենակարևոր գրավականը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակում, կան ներկայում և կշարունակվեն ապագայում։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։
«Ուրախ եմ առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում՝ երկիր, որի հետ ունենք հազարամյա հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ:
Վստահ եմ, որ այցս նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: