Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար:
«Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»,- ասել է Զելենսկին: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիևի հետ:
Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող:
Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շուրջ Եվրամիության երկրներն արդեն մոտ մեկ ամիս է՝ չեն կարողանում փոխզիջման հասնել, պետք է ներառի նավթային էմբարգո: Դրա սահմանման դեմ հանդես եկող երկրները կարծում են, որ ռուսական նավթի գնումից հրաժարվելը խիստ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի տնտեսության վրա: