ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 միլիարդ դրամի ծրագիր:
«120 միլիարդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով: Արցախի բնակչության կոմունալ ծախսերն են վճարվել. 2021 թվականին Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ Կառավարության կողմից: Մի որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել, նկատի ունեմ, ենթադրենք՝ ինչ-որ մեկը լրացուցիչ ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկայինը»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ ՀՀ Կառավարության կողմից վճարվել են նաև Արցախի պետական հատվածի աշխատավարձերը:
«Նաև Արցախի քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրվել` 108 հազար մարդու 68 հազար դրամ գումարած 15 հազար դրամ: Այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է: Օրինակ` 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 միլիարդ դրամ, որից 57.8 միլիարդ դրամը Հայաստանից է վճարվել: 2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել»,- ասաց Փաշինյանը: