2017 թվականին վերադարձվել է 2 միլիարդ 417 միլիոն դրամ, այնինչ 2021 թվականին վերադարձվել է 32 միլիարդ 640 միլիոն դրամ եկամտային հարկ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի քանի հոդվածներով վերադարձնում ենք, որի ամենածավալունն ու պոպուլյարը հիփոթեքային ծրագիրն է: Կարծում եմ, որ սա մեր ռեֆորմի ուղիղ արդյունքներն են: Այն ունի և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական նշանակություն: Երբ տնտեսական ցուցանիշները նայում ենք, տեսնում ենք, որ մեր տնտեսության ամենաբարձր ցուցանիշներ ունեցող ճյուղը շինարարությունն է, արդեն 9 տոկոսի է հասնում ակտիվությունը նախորդ տարվա նկատմամբ: Ուզում եմ ներկայացնել նաև այդ բարեփոխման մեկ այլ հարակից էֆեկտ: Ապրիլին ունենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այստեղ հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց վճարվել են աշխատավարձ և եկամտային հարկ»,- ասաց Փաշինյանը:
Այսպես, ապրիլի աշխատատեղերի թիվը 664736 է, որը 2018 թվականի համեմատ ավելի 123308-ով:
«Պատմական ցուցանիշ արձանագրել էինք 2021 թվականի դեկտեմբերին, ահա 2022 թվականի ապրիլին 2021-ի դեկտեմբերի նկատմամբ 5265-ով ավելի աշխատատեղ ունենք»,- ասաց վարչապետը:
Խոսելով աշխատավարձերի մասին՝ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլի նկատմամբ Հայաստանում համախառն աշխատավարձն ավելացել է 61 միլիարդ 319 միլիոն դրամով կամ 65 տոկոսով:
Իսկ միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173996 դրամ, 2021-ին` 233965 դրամ: