Նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ 2021-ին ի սկզբանե կանխատեսվում էր 3.1 տոկոս, սակայն 5.3 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Այնուհետև երկրի ղեկավարը խոսեց հարկային մուտքերի մասին:
2021-Ի ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 147 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Ինչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի՝ 147 մլրդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել: Ընդ որում՝ եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որը այդ առումով մոտավորապես 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին, բայց ուզում եմ հիշեցնել, որ նաև հարկային մասի նվազում էլ ենք ունեցել՝ եկամտային հարկի հետ կապված:
Անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցման որոշմանը՝ երկրի ղեկավարը ընդգծեց՝ հարկային դրույքաչափը նվազեցնելով՝ ավելի շատ հարկ են հավաքել՝ 2021 թվականին 459 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյան - 2017 թվականին վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ, դուք գիտեք, որ մի քանի հոդվածներով վերադարձնում ենք, որի ամենածավալուն և պոպուլյարը հիփոթեքային ծրագիրն է: Հիմա խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ 2021 թվականին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին վերադարձրածը՝ 1250 տոկոսով: Սա ինչ ա նշանակում, սա նշանակում ա, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել, և նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի այդպիսի պրակտիկա գոյություն ունի: Ես կարծում եմ, որ սա մեր իսկապես ռեֆորմի շատ, շատ ուղիղ արդյունքներն են:
2021-ԻՆ ԱԱՀ-Ի ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 146 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Վարչապետն ընդգծեց՝ նախորդ տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով պատմական ցուցանիշ ենք ունեցել, ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրվել է հարկային եկամուտների ձևով: Միջնաժամկետում խնդիր է դրված այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Նախորդ տարի բիզնեսին վերադարձվել է 146 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի գծով:
Նիկոլ Փաշինյան - Որպեսզի համեմատության պատկերը ճիշտ լինի, ես ուզում եմ համեմատել 2017 թվականի հետ: 2017 թվականին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, և 17 թվականի նկատմամբ 140 տոկոսով մենք ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը, և 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որևէ դիմում, այսինքն՝ ոչ մի դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով ընդհանրապես մենք պարտքի խնդիրը լուծել ենք:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետությունը 125 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի դեբետի գումարի պարտք է ունեցել տնտեսվարողներին:
Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ ես ուզում եմ հիշեցնել նաև, այդ գումարներից մոտավորապես 50 մլրդ դրամ կար, որը հուսահատ գումար էր: Այսինքն՝ երբ որ 2017 թվականին ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, էն ժամանակ կառավարությունը ասել էր՝ նախկինում մեր ունեցած պարտքերը դնում ենք մի կողմ և մենք դրան չենք անդրադառնում: 2019 թվականին, երբ որ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք արդեն տարվա կեսով, մենք մտածեցինք, թե էդ գումարները ինչպես ճիշտ օգտագործել, և մենք որոշեցինք, որ վերադարձնենք ավելացված արժեքի հարկի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որը մենք վերադարձրեցինք տնտեսվարողին: Մենք դա կարող էինք չանել, եկեք ուղիղ և անկեղծ ասենք: Բայց ինչու մենք դա արեցինք, որովհետև մենք համարեցինք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ 2022-Ի ԱՊՐԻԼԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԹՎԻՆ
Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ տարվա ապրիլի՝ ռեկորդային աշխատատեղերի թվին՝ 664736, որը 2018-ի նկատմամբ ավելի է 123308-ով:
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, էստեղ գիտեք, որ, ցավոք, էլի մենք չունենք մեթոդաբանությունը հստակ տարանջատելու՝ ո՛ր աշխատատեղերն են, որ դուրս են եկել ստվերից, և ո՛ր աշխատատեղերն են, որոնք ստեղծվել են նոր: Բայց ցուցանիշը կա, և հստակ է, ընդ որում՝ անառարկելի է:
2021-Ի ԱՐՑԱԽԻ ԲՅՈՒՋԵԻ 73 %-Ը ՎՃԱՐԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև 2021 թվականին Արցախում իրականացրած ծրագրերը: 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր, ընդ որում 120 մլրդ դրամ հատկացվել է 2021-ին:
Նիկոլ Փաշինյան - 2021 թվականին Արցախի ողջ բնակչության, ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը Արցախի վճարվել է ՀՀ Կառավարության միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով Արցախի բնակչությանը՝ անշարժ գույքի վնասի դեպքում, ուղղակի Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ նաև աջակցություն է տրվել մի քանի ամիս՝ 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ + 15 հազար դրամ, այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է:
Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել՝ շեշտեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - ՀՀ աջակցությունը 2021 թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ Կառավարությունը: Այս ծրագրերը Արցախում շարունակվում են, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ՝ ՀՀ-ից վճարում ենք Արցախին, էդ նշանակում ա, որ էլի շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել և գումարած 20 մլրդ դրամ մենք հատկացնում ենք: Հիշում եք, որ մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ մենք կհատկացնենք բնակարանաշինությանը, որոնցից 20 միլիարդը մենք հատկացնում ենք 2022 թվականին:
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Երկրի ղեկավարը խոսեց նաև ընթացիկ տարվա պետական բյուջեի եկամուտների մասին: Հունվար-մայիս ամիսներին նախանշված էր ունենալ 715 մլրդ դրամ եկամուտ, սակայն Փաշինյանը հայտարարեց՝ վստահ են՝ այն 45 մլրդ դրամով կգերակատարվի:
Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ՝ 141 մլրդ դրամով ավելի գումար կհավաքագրենք պետական բյուջե, քան նախատեսվում էր: Ես ուզում եմ ասել նաև, որ ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական, և այս ցուցանիշները նույնպես դա ցույց են տալիս:
Հուլիսի 1-ից կանխիկ գործարքների գումարի սահմանափակման մասին ևս խոսեց վարչապետը՝ նշելով՝ օրինակ՝ բնակարանի կամ ավտոմեքենայի առքուվաճառքը կանխիկ հնարավոր չի լինի իրականացնել, իսկ եթե կանխիկ իրականացվի՝ հետագայում հնարավոր չի լինի վիճարկել գործարքը: Իսկ 2024-ից նախատեսվում է ներդնել նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան