Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, և ևս 6 անձ ձերբակալվել է մայիսի 30-ին Կառավարական 3-րդ տան մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:
«Դիմադրություն» շարժման մասնակիցները փորձել էին մուտք գործել մասնաշենք, որի ընթացքում քաշքշուք էր սկսվել:
Դավիթ Սարոյան (ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Այնուամենայնիվ, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները կոչ են արել մասնակիցներին, որ ամեն կերպ ճեղքեն ոստիկանական շղթան, մուտք գործեն Կառավարության 3-րդ մասնաշենք և ամեն գնով հանդիպում ունենան նախարարների հետ:
Հետևելով կազմակերպիչների կոչերին՝ հավաքի մասնակիցները սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել ոստիկաններին, բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ` ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ:
Դավիթ Սարոյան - Ոստիկանության ծառայողներին հաջողվել է կասեցնել մասնակիցների մուտքը դեպի մասնաշենք, որից հետո շարժման մասնակիցները և կազմակերպիչները հայտարարել են, որ հեռանում են տվյալ վայրից Տիգրան Մեծով դեպքի Սայաթ Նովա` ցույց տալով իրենց երթուղին: Սակայն հասնելով Հանրապետության հրապարակ՝ Մետրոյի կայարանի մոտ կրկին տարբեր ուղղություններով վազելով վերադարձել են Կառավարության 3-րդ մասնաշենք և դարձյալ փորձել են մուտք գործել մասնաշենք:
«Դիմադրություն» շարժման մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում՝ հավելում է քննիչը:
Այս գործողությունների հետևանքով մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ այդ թվում կտրած-պատռած վերքի ձևով: Ոստիկանների գործողությունների վերաբերյալ ևս քննություն է կատարվում:
Ոստիկանությունից «Լուրեր»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ երեկվա դեպքերով 2 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, կատարվում է 7 ուսումնասիրություն:
Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի առաջին շարքերում էր, չի ընդունում կասկածանքը:
Բենիկ Գալստյան (Տիգրան Խաչատրյանի փաստաբան) - Իմ պաշտպանյալը նշում է, որ ինքը եղել է Կառավարական մասնաշենքի մոտ, բայց որևէ հակաիրավական գործողություն չի կատարել, ասեմ ավելին՝ ես երկու տեսագրություն եմ ներկայացրել քննչական մարմին, որտեղ երևում է իրեն բուն բերման ենթարկելու պրոցեսը, որի ընթացքում առնվազն իմ պաշտպանյալը որևէ ակտիվ, առավել ևս` բռնության տարր պարունակող գործողություն չի իրականացնում:
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դիրքորոշումը կասկածանքի վերաբերյալ ճշտել չհաջողվեց, վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը զբաղվածության պատճառաբանությամբ չպատասխանեց «Լուրեր»-ի հարցին:
Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահների տեսադաշտում. Տիգրան Խաչատրյանը մեղադրյալ էր մի քանի աղմկոտ քրեական գործերով. տարիներ առաջ՝ 2013 թվականին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից սպանվել էր Ավետիք Բուդաղյանը: Դեպքից հետո ձերբակալվել էին Տիգրան խաչատրյանն ու Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը, սակայն որոշ ժամանակ անց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Փոխարենն այս գործով դատապարտվել էր Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը՝ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար:
Խաչատրյանի մասնակցությամբ մյուս աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել 2015-ին. նա մեղադրվում էր Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որի հետևանքով Զաքարյանը կորցրել էր մեկ աչքի տեսողությունը: Որոշ ժամանակ կալանավայրում, ապա հոգեբուժարանում մնալուց հետո Խաչատրյանն ազատ էր արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Իսկ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը մեղադրվում էր 2007-ին տեղի ունեցած սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար: Դատավճռով, սակայն, սպանության փորձը վերաորակվել էր, նրա նկատմամբ հետապնդումը` դադարեցվել, մյուս հոդվածով նա արդարացվել էր։ Դատարանը Սարգսյանին մեղավոր էր ճանաչել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով և քրեական հետապնդումը դադարեցրել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դատավճիռը, սակայն, դեռ օրինական ուժի մեջ չի մտել:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան