Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ 7 տարվա ընթացքում Միության գործընկերների հետ տնտեսական գործակցության ոլորտում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ տնտեսական մի շարք ցուցիչներով դառնալով անգամ առաջատար:
Վերջին 6 տարիներին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 17 տոկոսով: Լավագույն արդյունքների են հասել Հայաստանն ու Ղրղզստանը: Արտադրական ոլորտում Հայաստանը առաջատար է 40% ցուցանիշով:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ-նախարար) - Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանը բավականին ինտեգրվել է Եվրասիական տնտեսությանը, այդ մասին է վկայում կոոպերացիոն մատակարարումների աճը, որոնք վերջին 5-6 տարվա ընթացքում աճել են մոտ 6 անգամ։ Այս առումով հայկական տնտեսությունը համագործակցությունից և ԵԱՏՄ-ում գտնվելուց շահել է, սակայն դեռ շատ անելիքներ կան, որպեսզի այդ համագործակցության արդյունավետությունը հետագայում ևս աճի:
Ամենամեծ աճն արձանագրվել է դեղագործական արդյունաբերության, պատրաստի մետաղական արտադրատեսակների, այլ տրանսպորտային միջոցների և սարքավորումների, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Հայաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 5,7 տոկոսով։ Սա ԵԱՏՄ անդամների շրջանում արձանագրված առավելագույն աճն է: Ճգնաժամային 2020 թվականից հետո առևտուրը հաջողությամբ վերականգնվում է: Թե՛ Ռուսաստան, թե՛ միության այլ երկրներ Հայաստանը հիմնականում մատակարարում է պատրաստի արտադրանք:
Արտակ Քամալյան - Հայաստանի արդյունաբերական արտադրանքի մատակարարման հիմնական մասը ըմպելիքները, հագուստը և սննդամթերքն են, որոնք կազմում են հայկական արտահանման երեք քառորդը: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առանցքային առավելությունը հայկական արտադրանքի անմաքս և գրեթե անարգել մատակարարումների հնարավորությունն է այլ անդամ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի շուկաներ:
Հայաստանում աշխատում է ռուսական կապիտալով շուրջ 2 հազար ընկերություն: ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորություններ է բացում ներդրումների ներգրավման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար նաև երրորդ երկրներից։ Պոտենցիալ ներդրողի համար ավելի գրավիչ է իրականացնել նոր արտադրության ստեղծման նախագիծ, եթե որպես իրացման շուկա հանդես է գալիս ոչ թե առանձին երկիր, այլ այնպիսի խոշոր ինտեգրացիոն միավորում, ինչպիսին Եվրասիական միությունն է՝ ասում է Քամալյանը:
Արտակ Քամալյան - Մինչև 2025 թվականը Միությունում ցանկանում են ստեղծել էլեկտրաէներգիայի, նավթամթերքների և գազի միասնական շուկաներ: Այս դեպքում գնագոյացումը կկազմվի ընդհանուր կանոններով՝ ներառյալ արտադրության արժեքը և փոխադրումը: Դա մեր արտադրողներին հնարավորություն կտա լինել ավելի մրցունակ, գները կդարձնի առավել թափանցիկ և հասկանալի»:
Գազի փորձնական բորսայական առևտուրն արդեն իրականացվել է Ռուսաստանի և Ղազախստանի բորսայական երեք հարթակում։
Ներկայումս մշակվող «Եվրասիական սուպերհամակարգչային ցանցի ստեղծում» ծրագրում ակտիվ մասնակցության լավ ներուժ ունի Հայաստանը՝ վստահ են ԵՏՀ-ում՝ հաշվի առնելով, այն որ ՏՏ ոլորտը երկրում առավել ակտիվ զարգացող ուղղություններից է: Հայաստանի համար հեռանկարային են նաև «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրականացվող նախագծերը: