ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես է եկել որպես դաշնակահար և դիրիժոր:
Համերգի մեկնարկից առաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:
Վահագն Պապյանը 1987-1989 թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
1990-ից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում:
2006-ից մինչ այսօր Վահագն Պապյանը Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
2008-2013 թթ. ղեկավարել է նաև Ղազախստանի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը:
Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում:
Պապյանը դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում:
Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվան երաժշտական ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները: