Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Ֆրենկ Սինատրայի և «Բիթլզի» լավագույն հիթերը: Համերգային ծրագիրն արվեստասերներին կներկայացնեն աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Ֆեդերիկո Մոնդելչի (սաքսոֆոնահար, Իտալիա) - Սա նոր նախագիծ է, որ իրականացնում ենք նվագախմբի հետ: Ներկայացնելու ենք Սինատրայի ամենահայտնի գործերը՝ յուրատեսակ հնչողությամբ՝ միաձուլելով ջազն ու դասականը: Հրաշալի համերգ է սպասվում՝ վստահեցնում եմ:
Սինատրայի ստեղծագործություններն այս ձևաչափով Կամերային նվագախումբն առաջին անգամ է կատարելու: Հատուկ այս համերգի և մեր նվագախմբի համար Մասսիմո Մորգանտին գործիքավորել է հայտնի արտիստի ստեղծագործությունները:
Մասսիմո Մորգանտի (տրոմբոնահար, Իտալիա) - Հայաստանում առաջին անգամ եմ՝ Ֆեդերիկո Մոնդելչին է ինձ ներգրավել այս նախագծում: Բացի նրանից, որ ես եմ կատարել գործիքավորումը նվագախմբի համար, համերգին կներկայանամ նաև որպես տրոմբոնահար:
Այստեղ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել, իսկ նվագախմբի հետ աշխատանքը պարզապես հրաշալի է:
Սա Մոնդելչիի առաջին գործակցությունը չէ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, համատեղ բազմաթիվ նախագծեր են իրականացրել: Բաբուրյանի խոսքով՝ սպասվող համերգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, բոլոր տոմսերը վաճառված են:
Ֆելիքս Բաբուրյան (Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն) - Բացի Ֆրենկ Սինատրայից՝ ներկայացնելու ենք նաև «Բիթլզի» լավագույն հիթերը: Համերգի ընթացքում կլինեն նաև անակնկալներ, որոնց մասին հիմա չեմ նշի: Հանդիսատեսը կլսի մի քանի ստեղծագործությունը, որոնք ընդգրկվել են այս ծրագրում: Նրանք, ովքեր չեն հասցրել տոմս ձեռք բերել, հունիսի 2-ին ունենք համերգ, որի մանրամասներին կարող են ծանոթանալ՝ հետևելով մեր պաշտոնական կայքին:
Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահարը խոստովանում է՝ հայ հանդիսատեսը յուրահատուկ է, ամեն անգամ Հայաստան վերադառնալու ցանկությունն ավելի է մեծանում:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան