Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Ուրախ եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնում եմ եղբայրական Վրաստան։ Համոզված եմ՝ որպես բարիդրացիական պետությունների նախագահներ՝ մեր նշանակալի ներդրումը կունենանք երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում»,- գրել է Հայաստանի նախագահը:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, շատ գնահատելի է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակին, որոնք երկու երկրների համար սերտ բարեկամական հարաբերությունների 30 տարիներ են եղել, և այսպես էլ կշարունակվի։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, այդ թվում առանձնացվել են տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։