ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանը շահագրգռված է զարգացնել երկխոսությունն ու գործակցությունը «Հյուսիս-հարավի», Չաբահար նավահանգստի, «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական «Վիոն» լրատվամիջոցի հետ հարցազրույցում: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Միրզոյանը նշել է՝ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Բացահայտ կերպով խախտելով եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։
Արդյոք կարծում եք, որ պակիստանցի վարձկանները 2020 թ. պատերազմին աջակցե՞լ են Ադրբեջանին՝ հետաքրքրվել է լրագրողը։ Ի պատասխան՝ նախարարը նշել է՝ նման տեղեկություն եղել է, ու հավելել՝ վարձկանների մեծ մասը տեղափոխվել էր Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ Հայաստանի արտգործանախարարը նշել է՝ պետք է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է և նույնն ակնկալում է Թուրքիայից:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Միրզոյանը կարևոր է համարել Հայաստանում հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնքի դերակատարումը և վստահեցրել, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ:
Արարատ Միրզոյան - Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում: Եվ, ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Անդրադառնալով երկկողմ այցելություններին՝ նախարար Միրզոյանը նշել է՝ դրանք նոր խթան են հաղորդում հարաբերություններին։ Մշակվել է ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմաոլորտ գործակցություն: Հաջորդ քայլը, ըստ Արարատ Միրզոյանի, կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կկայանա մեր երկրում՝ այս ամռանը:
Հայաստանի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև պաշտպանական ոլորտի խնդիրներին, նշել՝ Հայաստանն ու Հնդկաստանն աստիճանաբար զարգանում են ռազմատեխնիկական գործակցությունը: Միրզոյանն ընդգծել է՝ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը գործակցությունն ընդլայնելու լավ հնարավորություն կընձեռի: