ՆԱՏՕ-ՀԱՊԿ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մոտ ապագայում չի ընդլայնվի՝ հայտնել է կառույցի գլխավոր քարտուղարը։
«Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում կազմակերպության ներսում, արտաքին գործընկերների հետ նույնպես գործակցության ալգորիթմ ենք մշակել։ Լիովին վերահսկում ենք իրավիճակը մեր պատասխանատվության գոտում»,- հավատացրել է Ստանիսլավ Զասը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն թշնամական քաղաքականություն է վարում ՀԱՊԿ-ի մի շարք երկրների նկատմամբ։
«Մենք ուշադիր հետևում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի քայլերին․ գործելու ենք կանոնադրական փաստաթղթերի դրույթներին համապատասխան»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՄԱՄԲ
Վրաստանի ընդդիմությունը ծրագրում է հունիսին պետական հեղաշրջում իրականացնել, եթե երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը։
«Ընդդիմության հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չի ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչն էլ կհանգեցնի անկարգությունների և պետական հեղաշրջման»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պատճառ չունի մերժելու Վրաստանին Միության անդամի թեկնածուի կարգավիճակի հարցում, հավելել՝ մի շարք ցուցանիշներով երկիրն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք նույնպես Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։
«Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է»,- պարզաբանել է պաշտոնյան։
ԱՄԷ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Արաբական Միացյալ Էմիրությունները հույս ունի մոտ ապագայում ավարտել Թուրքիայի հետ առևտրային գործընկերության համաձայնագրի կնքման գործընթացը, ինչը հնարավորություն կտա մեծացնել առևտրի ծավալները:
ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նախագահ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստամբուլում քննարկել է երկկողմ գործակցության զարգացման ուղիները և տարածաշրջանային խնդիրները, կարևորել խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի ընդլայնումը: Անդրադարձ է եղել պարենային և էներգամատակարարումների հարցերի։
Աբդալլահ բին Զայեդն ընդգծել է, որ Աբու Դաբիի և Անկարայի հարաբերություններն անշեղորեն զարգանում են։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ ՌԴ-Ի ՀԱՐՑՈՒՄ
Եվրախորհրդարանի առաջատար «Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը ռուսական նավթի արգելքի շուրջ քննարկումների ֆոնին դեմ է արտահայտվել Բուդապեշտի համար փոխզիջումների գնալուն։
«Եթե Հունգարիայի վարչապետը արգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապա ստիպված կլինենք նավթի էմբարգոյի հարցը լուծել առանց Բուդապեշտի»,- նշել է պաշտոնյան։
ԵՄ երկրներն ավելի քան երեք շաբաթ է՝ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Հունգարիան և մի շարք երկրներ դեմ են ռուսական նավթի էմբարգոյին, նրանց համոզմզմաբ՝ դա աղետալի հետևանքներ կունենա իրենց տնտեսություններ համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ Եվրամիության միասնությունը սկսել է քանդվել։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ նշել է, որ Եվրամիությունը ներկայումս չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Նրա խոսքով՝ եթե եվրոպական երկրները հիմա ռուսական նավթ չգնեն, ապա Մոսկվան այն բարձր գներով կտեղափոխի այլ շուկաներ և ավելի կհարստանա։