Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին:
Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Ծանրաբեռնված երթևեկությունը չխոչընդոտելու համար գործընթացը հիմնականում կազմակերպվում է գիշերային ժամերին:
«Ըստ քաղաքի քարտեզագրման ու սխեմայի է կատարվում գծանշումը: Այս տարի մի քիչ ուշ սկսեցինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց հիմա մեծ թափով ընթանում են աշխատանքները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ արծարծվող խնդիրները:
Փողոցները գծանշվում են հատուկ տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս գործընթացն ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնել: Ծրագրի իրագործումը վստահված է մրցույթում հաղթող ճանաչված երեք ընկերությունների, որոնք աշխատում են մի քանի խմբով:
Ընթացիկ տարում ավելի քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի: Ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768 656 գծամետր: Շուրջ 2000 քմ հատված էլ կգծանշվի ջերմապլաստիկով:
Փողոցների գծանշմանը զուգահեռ՝ շուտով կսկսվի նաև փողոցների բետոնե հենապատերի ներկման գործընթացը. 2022 թ. շուրջ 24 000 քմ ուղղաձիգ գծանշում կարվի: