Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։
Դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, որը պատկանում է նրա հետ փոխկապակցված անձին: Օհանյանը ևս բնակվում է Վահագնի թաղամասում, բայց իր խոսքով՝ վարձով:
Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը «Լուրերի» հետ զրույցում դատախազության հայցադիմումն ապօրինի որակեց՝ պնդեց՝ օրենքի կիրառման հիմքերը բացակայում են:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Սեյրան Օհանյանը:
«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։
Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։
Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի, հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրություն» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,- նշել է նա։
Դատախազության ներկայացրած դիմումում չի նշվում, թե առանձնատունը կոնկրետ ում է պատկանում: Պահանջն է՝ բռնագանձել Օհանյանի, նրա կնոջ և փոխկապակցված անձանց գույքը, որը, ենթադրաբար, ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով: Առանձնատնից բացի՝ գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Ֆ/Ս 2 հասարակական նշանակության տարածք, որոնք գտնվում են Երևանում, ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 92 միլիոն դրամ: Բացի դրանից՝ դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոցներ, բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել:
Ի դեպ, Սեյրան Օհանյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որպես անշարժ գույք ներկայացվել է մեկ նոր կառուցված շինություն և 4 հողամաս Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում: Նա հայտարարագրել է նաև նոր կառուցված շինություն և մեկ հողամաս Երևանում: Ընդհանուր՝ 7 անշարժ գույք: Պաշտոնը ստանձնելիս հաշվին ունեցել է 2718 ռուբլի:
Իսկ մինչ պաշտոն ստանձնելը նա որպես եկամուտ ստացել է 451 հազար դրամ կենսաթոշակ ՊՆ-ից: Ըստ հայտարարագրի՝ Օհանյանը չունի ո՛չ շարժական, ո՛չ էլ թանկարժեք գույք:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան