ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՀՍԿԱ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ՝ ԹԱԳՈՒՀՈՒ ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է իր՝ երբևէ ամենամեծ մետաղադրամը՝ նշելու Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանը: 15 կիլոգրամանոց հսկա մետաղադրամը պատվիրել են մասնավոր հավաքորդները:
Մետաղադրամն ունի 220 մմ տրամագիծ և բարձր հարգի ոսկուց է: Այն պատրաստելու համար պահանջվել է 400 ժամ, արժի 15 000 ֆունտ ստեռլինգ:
Մետաղադրամի մի կողմում պատկերված է թագուհին՝ ձի հեծնած, իսկ մյուս կողմում փորագրված է EIIR, որը «Եղիսաբեթ 2-րդ Ռեգինայի» (թագուհի) հապավումն է:
Անանուն մասնավոր հավաքորդների հայտարարության մեջ ասված է, որ մետաղադրամի դիզայնը հարգանքի տուրք է թագուհուն:
Թագավորական դրամահատարանը նաև թողարկել է 1,3 միլիոն հատ 50 պենսանոց մետաղադրամ՝ նշելու Եղիսաբեթ 2-րդի գահակալության 70-ամյակը, որը Մեծ Բրիտանիան հաջորդ ամիս կնշի քառօրյա համազգային տոնակատարությամբ:
ՀՈՐԴԱՆԱՆ
ԱՆՊԵՏՔ ՄԱԼՈՒԽՆԵՐԻՑ՝ ԳՈՒՆԱՎՈՐ ՍԿՈՒՏԵՂՆԵՐ
Իր խանութի դիմաց նստած 50-ամյա նախկին ուսուցիչ Հանան Աբբադին հյուսում է գունավոր ավանդական սկուտեղներ՝ օգտագործելով էլեկտրական մալուխներ, որոնք այլևս ըստ նշանակության չեն կիրառվում:
Այդպիսի սկուտեղներն ի սկզբանե պատրաստվել են ծղոտից ու նախատեսված են եղել ուտելիք մատուցելու համար և այն էլ ուրախ առիթներով, օրինակ՝ հարսանիքներին:
Աբբադին որոշել է ծղոտը փոխարինել մալուխներով, քանի որ այն հնարավոր է գտնել կլոր տարին, բացի այդ, այս ընտրությունը կնպաստի թափոնների վերացմանը:
Հանան Աբբադի (ծղոտագործ) - Ես իմ աշխատանքներում որոշեցի օգտագործել էլեկտրական մալուխներ, քանի որ դրանք բավականին հասանելի են, ի տարբերություն ծղոտի, որոնք միայն որոշակի սեզոնի է հնարավոր գտնել և արագ է վերջանում: Բացի այդ, իմ այս նախաձեռնությամբ շրջակա միջավայրը որոշակիորեն պաշտպանում եմ աղտոտումից:
Հանանը մեկուկես տարի առաջ է Հորդանանի Սոլթ քաղաքում բացել իր այս փոքրիկ խանութը, որտեղ իր ձեռագործ սկուտեղները վաճառում է 14-140 դոլարով: Բացի այդ, խանութում պարապմունքներ է անցկացնում բոլոր այն կանանց համար, որոնք ցանկանում են սովորել իր արհեստը:
Հանանը երջանիկ է, որ սկսել է այս գործով զբաղվել, քանի որ դրա շնորհիվ ոչ միայն եկամուտ է վաստակում, այլև ավելի շատ մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ունենում: Բացի այդ, նրա աշխատանքները զբոսաշրջիկների միջոցով հասնում են այլ երկրներ:
ՉԻԼԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԿԱՐՊԵՏԸ
Բնիկ մապուչե կանայք հավաքվել են Չիլիի ափամերձ Պուերտո Սաավեդրա քաղաքում՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել: Այսկերպ նրանք նաև յուրօրինակ հարգանքի տուրք են մատուցել իրենց ավանդույթներին:
Հինգ հարյուր կարպետագործները հավաքվել են՝ փորձելով գործել մեկ կիլոմետր երկարությամբ գունագեղ կարպետ:
Դանիելա Անկաո (կարպետագործ) - Անչափ ուրախ ենք, որ այստեղ ենք: Ցանկանում ենք այս ամենի մի մասը լինել: Շատ լավ է, որ մինչ օրս հյուսում են այսպիսի կարպետներ: Տասնամյակներ շարունակ այս մշակույթը պահպանել են մեր նախնիները և հասցրել մեզ:
Հսկա կարպետը պատրաստելու համար մեկ տոննա բուրդ է պահանջվել, որը նախապես խնամքով մանել ու ներկել են:
Յուրանչյուր կին իր անհատական հաստոցի դիմաց նստած է աշխատել, հետո նրանց բոլորի կտորները կմիացվեն իրար՝ մեկ հսկա կարպետ ստանալու համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՄԵՂՎԻ ՀՍԿԱ ՆԿԱՐ՝ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մեծ Բրիտանիայի Հեբդեն Բրիջ փոքրիկ քաղաքում խոտածածկ դաշտի վրա ստեղծել են մեղվի հսկա նկար, որպեսզի ահազանգ հնչեցնեն մեղուների անհետացող տեսակի վերաբերյալ:
Մեղվի հսկա նկարը, որը ստեղծվել է Մեղվի համաշխարհային օրվան ընդառաջ, գտնվում է քաղաքի հիմնական դպրոցներից մեկի խաղադաշտում: Դրա պատրաստման համար օգտագործել են այն ներկերից, որոնցով սովորաբար գծում են ֆուտբոլի խաղադաշտերը:
Հսկա նկարի հեղինակները Դեյվ Մարտինն ու Ջեյմի Ուարդլին են: Նրանց երեխան այս դպրոցն է հաճախում:
Գլոբալ տաքացման պատճառով Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կտրուկ նվազել է մեղուների թիվը: Իսկ դա բավական վտանգավոր է, քանի որ նրանց գոյությամբ է, մասամբ, պայմանավորված պտղատու ծառերի և այլ մշակաբույսերի ծաղիկների փոշոտումը, ինչի շնորհիվ դրանք բերք են տալիս:
Մեղուների պոպուլյացիայի նվազումը կապված է նաև թունաքիմիկատների օգտագործման և նրանց բնական միջավայրի կորստի հետ, որը պայմանավորված է հողօգտագործման փոփոխությամբ, իսկ գլոբալ տաքացումն էլ ավելի է սրում այդ ժրաջան միջատների վատ վիճակը:
Բացի այն, որ իրենց դպրոցի խաղադաշտը նոր տեսք է ստացել, աշակերտները նաև վայրի ծաղիկներ են աճեցնում իրենց տարածքում գտնվող մարգագետիններում, որպեսզի նպաստեն մեղուների աշխատանքին և ծաղիկների փոշոտմանը:
ՊԵՐՈՒ
ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՇՔԵՐԹ ԼԻՄԱՅՈՒՄ
Տասնյակ ծաղրածուներ դուրս են եկել Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներ՝ նշելու իրենց տոնը:
Մեծ ոտնամաններ, գունավոր-ներկած դեմքեր, ինքնատիպ կեղծամներ՝ այս ամենն արվել է տեղացիներին և գործընկեր ծաղրածուներին մի փոքր ժպիտ պարգևելու համար:
Խուանեցիտո Դե Պուկալպա (ծաղրածու) - «Մենք՝ ծաղրածուներս, պատասխանատու ենք մարդկանց ծիծաղ պարգևելու, աշխատանքի կամ այլ խնդիրների պատճառով առաջացած սթրեսներից ազատելու համար: Մեր նպատակն է զվարճացնել նրանց և ծիծաղեցնել, քանի որ ժպտալով մարդիկ իրենց երջանիկ են զգում։ Սա մեր առաքելությունն է՝ մարդկանց զվարճացնել:
Պերուացիները Ծաղրածուի օրը նշում են 1987 թվականից՝ որպես հարգանքի տուրք հանգուցյալ ծաղրածու Խոսե Ալվարես Վելեսի, որը հայտնի էր նաև որպես «աղքատների ծաղրածու»:
Նա անցած դարի 80-ական թվականներին շրջել է Լիմայի փողոցներում և ուրախացրել մարդկանց, իսկ կյանքի վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում, անկողնուն գամված:
ՃԱՊՈՆԻԱ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ 6-ՐԴ ՌՈԲՈՏԱՅԻՆ ՄԱՏ՝ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Ռոբոտային «6-րդ մատը» իրական մատի նման կարող է շարժվել: Գիտնականներն այն ստեղծել են՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ուղեղն արձագանքում մարմնի նոր և անկախ մասերին:
Ճապոնիայի էլեկտրահաղորդակցության համալսարանի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները համատեղ մշակել են արհեստական կցորդը՝ նախագիծը սկսելով 2016 թվականին:
Մկաններից ստացվող էլեկտրական ազդակները նախ չափվում են չորս սենսորների միջոցով, որոնք ամրացված են նախաբազկին: Այնուհետև ազդակները փոխանցվում են շարժիչին՝ ռոբոտի մատը կառավարելու համար:
Յոիչի Միավակի (Էլեկտրահաղորդակցության համալսարանի պրոֆեսոր) - Մենք գիտենք, որ կարող ենք մեր սեփական մարմինը շարժել մեր ուղեղով, բայց երբ մարմնի նոր մաս է ձևավորվում, արդյոք ուղեղը կարո՞ղ է հարմարվել: Մտածեցինք, որ սա հետաքրքիր հարց է: Մեզ հետաքրքրում էր, թե ուղեղն ինչպես կընդունի այն՝ վեցերորդ մատը կամ միգուցե այն կփոխարինի մեկ ուրիշով՝ հարմարության համար:
Թեև նրանց հետազոտությունը հիմնականում կենտրոնացած է մարմնի լրացուցիչ մասին ուղեղի արձագանքի վրա, սակայն ասում են, որ վեցերորդ մատը կարող է բարելավել մարդու ամենօրյա գործունեությունը, օրինակ՝ համակարգչային ստեղնաշարով մուտքագրելը կամ ավելի շատ առարկաներ բռնելը:
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԸ 113 ՏԱՐԵԿԱՆ Է
Վենեսուելացի Խուան Վիսենտե Պերես Մորան, որն անցած շաբաթ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքով հռչակվել է աշխարհի ամենատարեց տղամարդ, մայիսի 27-ին դարձել է113 տարեկան:
Պերես Մորան, որը շատ առողջ է և օրական մի բաժակ թունդ ոգելից խմիչք է վայելում, ունի 41 թոռ, 18 ծոռ և 12 կոռ։
Բացի զարկերակային ճնշման մի փոքր բարձրացումից և տարիքի պատճառով լսողության խնդիրներից, Պերես Մորան շատ լավ առողջական վիճակում է և դեղորայք չի ընդունում:
Խուան Վիսենտե (Պերես Մորայի բժիշկը) - Նա իր տարիքի համար շատ լավ առողջություն ունի, սիրտը լավ է աշխատում, տարիքային փոփոխություններ կան օրգանիզում, սակայն երկարաժամկետ միջամտության կամ բուժման կարիք չունի: Կարծում եմ, որ նա դեռ երկար կապրի:
Պերես Մորան դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայից հետո, որը ծնվել է 1909 թվականի փետրվարի 11-ին Իսպանիայում, մահացել է այս հունվարին՝ 112 տարեկան 341 օրականում։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՀԱՐՐԻՆ ԵՎ ՄԵԳԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԼՈՆԴՈՆԻ ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Արքայազն Հարրիի և Մեգանի մոմե արձանները կրկին միացել են բրիտանական թագավորական ընտանիքին, իհարկե՝ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում: Առիթը Եղիսաբեթ 2-րդի պլատինե հոբելյանն է՝ թագադրման 70-ամյակը:
Տոնի առիթով թագավորական տան անդամների մոմե արձաններին հատուկ պաշտոնական հանդերձանք են հագցրել: Ուելսի արքայազն Չառլզն ու Կոռնուոլի դքսուհին՝ Կամիլլան, կանգնած են թագուհու երկու կողմերում, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթը՝ թագուհուց դեպի ձախ, իսկ Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Հարրին ու Մեգանը՝ թագուհուց դեպի աջ:
Նախատեսվում է, որ իրական արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը նույնպես պետք է ժամանեն Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու թագուհուն նվիրված մեծ տոնակատարությանը: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է լինելու, որ ամուսնական զույգը ժամանելու է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու ընտանեկան միջոցառման՝ 2020 թվականի մարտ ամսից ի վեր, երբ լքեց թագավորական ընտանիքը: Ամենայն հավանականությամբ, նրանց երկու երեխաները՝ Արչին և Լիլիբեթը, որին, ի դեպ, անվանակոչել են թագուհու պատվին, կլինեն նրանց հետ:
Եղիսաբեթ 2-րդի պաշտոնավարման ամբողջ ընթացքում սա Լոնդոնի Մադամ Տյուսոյում պատրաստված թագուհու 24 մոմե արձաններից 23-րդն է: Սպիտակ և արծաթագույն ժանյակներով զգեստ է կրում, իսկ գլխի թագը զարդարված է 53 հազար կիսաթանկարժեք քարերով:
Քեյթի ու Մեգանի մոմե արձաններն այն հագուստներով են, որոնք թագավորական տան հարսներն իսկապես կրել են տարբեր միջոցառումների ժամանակ:
ԿԱՆԱԴԱ
ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԻ ՍԻՐԵԼԻ ԿՈՐԳԻ ՇՆԵՐԻ ՇՔԵՐԹ ՕՏՏԱՎԱՅՈՒՄ
Կանադացիներն ինքնատիպ ձևով են որոշել նշել Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանը: Օտտավայում կազմակերպել են միապետուհու սիրելի կորգի ցեղատեսակի շների շքերթ:
Քիմ Բերթենս (շների շքերթի մասնակից) - Կարծում եմ, որ շատ զվարճալի է նույն վայրում այսքան շատ կորգիներ տեսնել: Մենք էլ որոշել ենք այսպես նշել թագուհու հոբելյանը:
Կորգիները գաճաճ շներ են համարվում: Նրանց հայրենիքը Ուելսն է: Գահակալության ամբողջ ընթացքում Եղիսաբեթ 2-րդ թագուհին ավելի քան 30 կորգի շուն է ունեցել:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՉԵԼՍԻԻ ԾԱՂԿԻ ՇՈՈՒԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՎԱՐԴՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ ԵՆ Ի ՊԱՏԻՎ ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԻ
Չելսիի ամենամյա ծաղկի շոուի ժամանակ ներկայացված բաց վարդագույն շքեղ վարդերը հատուկ աճեցրել են Եղիսաբեթ 2-րդի պլատինե հոբելյանի առիթով և անվանակոչել ի պատիվ նրա:
Ասում են, որ այս վարդի բույրն ավանդական վարդի բուրմունք է հիշեցնում և բավականին ուժեղ է: Նույնիսկ ամբողջությամբ բացվելու դեպքում վարդը շատ գեղեցիկ է և երկար է պահպանվում: Թագուհին անձամբ է ներկա եղել Չելսիի ծաղկի շոուին և մոտիկից վայելել իր անունով ծաղիկը: