Առաջին նորատունկ ինտենսիվ այգիները Գոշ գյուղում այս գարնան լավ նորությունն են: Շրջակա միջավայրի նախարարության՝ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրով գյուղի մերձակա այս հողամասերում մայիսի սկզբից սկսված այգետունկը գյուղացիներին կապահովի հավելյալ եկամտով՝ նվազեցնելով անտառահատումների ռիսկերը, 3 փուլով ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի:
Գևորգ Ամիրխանյան (Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական ղեկավար) - Առաջին փուլում տնամերձների համար անվճար սերմացու և սածիլներ են տրամադրվել բնակիչներին, սա 2-րդ փուլն է, որ իրականացվել է ծառատունկ, 3-րդ փուլում ունենալու ենք 2 ջերմատուն և չորանոց:
Հիմնականում անմշակ դարձած այս տարածքներում խորհրդային տարիներին էլ եղել են մրգատու այգիներ, հետո՝ ավերվել, սեփականաշնորհումից հետո քչերն են մշակել: Հայկ Ամիրյանը մինչև այս բանջարեղեն էր աճեցնում, այգի հիմնելու մասին չէր էլ երազում՝ համարելով գրեթե անիրագործելի; Ոռոգման ցանցը և ցանկապատելը թանկ հաճույք է, իսկ տնամերձից մեծ սպասելիքներ չուներ; Նրա խոսքով, ծրագիրը իսկական նվեր է մատուցել գյուղացուն:
Հայկ Ամիրյան (Դիլիջան համայնքի Գոշ գյուղի բնակիչ) - Իմ հողամասը տվել եմ, ու կողքի քաշվել, իրենք ծառերը տնկել են, ցանկապատն արել են, հետո էլ ոռոգման ջուրն են քաշելու, որ ժողովուրդը կարենա մի արդյունքի հասնել; 1540 մ-ի վրա տնկվել է 132 հատ տնկի, 7 հատ էլ նոր տանձենի պիտի բերեն, խնձորենին 2 տեսակի է: Մնում է մեր խնամելը:
Ընդհանուր առմամբ, 4 հա հողամասերից ինտենսիվ այգիները զբաղեցնում են 2,5 հա-ը, ծրագրում ներառված է 22 շահառու: Արծրուն Հովսեփյանի խոսքով՝ 2500 ք․ մ տարածքում նոր տեսակի խնձորենի և տանձենի 180 տնկին բերքատու այգի է խոստանում, իսկ բերքի իրացման խնդիր չեն ունենա, և՛ ծրագիրը կօգնի, և՛ գյուղում տուրիզմի հեռանկարը:
Բնությունն էլ օգնեց, մինչև ոռոգման ցանցի կառուցման ավարտը, ասում են՝ առատ անձրևները մեր գործը թեթևացրել են, 3 տարի հետո կսպասեն առաջին բերքին: