ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել և մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը:
Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ներկայացուցիչներ կունենա նաև հունիսի 1-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում էլ ևս 2 մարզուհի է ընդգրկված՝ Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի է ունեցել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: