Վրացական ընդդիմությունը ծրագրում է հունիսի վերջին պետական հեղաշրջում իրականացնել, եթե երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա, ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նախապատրաստում է իշխանության տապալում՝ հայտնում է Radiosputnik-ը։
«Ընդդիմության հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չպետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչն էլ կհանգեցնի «Ազգային շարժման» և նրանց արբանյակների կազմակերպած ժողովրդական անկարգությունների և պետական հեղաշրջման»,- հայտարարել է Կոբախիձեն:
«Վրացական երազանքի» ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ն պատճառ չունի մերժելու Վրաստանին՝ Միության անդամի թեկնածուի կարգավիճակի հարցում։ Կուսակցության գործիչը հավելել է, որ մի շարք ցուցանիշներով երկիրն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք նույնպես Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։
«Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև մի քանի երկրից, որոնք արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է Կոբախիձեն։