ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՈՒ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է
Անկարան չի աջակցի ահաբեկչությունը հովանավորող երկրների մուտքը ՆԱՏՕ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
«Ցավոք, Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների հանդիպումները չանցան այնպես, ինչպես ակնկալում էինք։ Ստոկհոլմը և Հելսինկին դեռ թույլ են տալիս ահաբեկիչներին քայլել իրենց փողոցներով և շարունակում են սխալներ թույլ տալ Թուրքիայի հետ հարաբերություններում»,- նշել է նախագահը։
Նա նաև մեղադրել է Վաշինգտոնին Սիրիայի հյուսիսում տեղակայված կազմակերպություններին, որոնք Անկարայի համոզմամբ, ահաբեկիչներ են, զենք և զինամթերք մատակարարելու համար։
«Չենք կարող անպատասխան թողնել Սիրիայի հյուսիսից Թուրքիային սպառնացող ցանկացած վտանգ։ Մենք վնասազերծել ենք ավելի քան 100 ահաբեկչի․ այդ գործընթացը շարունակվելու է։ Անկարան մտադիր չէ որևէ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, թույլտվություն ստանալ Սիրիայում նոր գործողություն իրականացնելու համար»,- հավատացրել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կկարգավորվեն, Հունաստանին էլ զգուշացրել Անկարայի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի անթույլատրելիության մասին։
«Ներկայումս Հունաստանի վարչապետի հետ երկխոսություն չկա: Ինչո՞ւ․․․ Ես չեմ շփվում քաղաքականությունը սեփական շահերի համար օգտագործողների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև նշել է՝ Թուրքիան ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով, սակայն իրավիճակը, նրա խոսքով, օրեցօր վատանում է։
Էգեյան ծովի արևելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը բերվել է մարտական բարձր պատրաստականության։ Պատճառը Թուրքաիայի ռազմածովային ուժերի «Efes-2022» զորավարժություններն են: Վարժանքներին մասնակցում է 40 երկրի մոտ 10 հազար զինծառայող:
Հունական կողմը հայտարարել է, որ կանի հնարավորը՝ կանխելու հնարավոր էսկալացիան։
ԻՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Սիրիայում նոր ռազմական գործողության անցկացումը Թուրքիային չի օգնի լուծել իր անվտանգային խնդիրները՝ համոզմունք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները, սակայն միակ ելքը երկխոսությունն է, ինչպես նաև Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ազգային ինքնիշխանության նատմամբ հարգանքը»,- նշել է նա։
Խաթիբզադեի խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների տարածքում ռազմական գործողությունները ոչ միայն չեն նպաստում առկա խնդիրների կարգավորմանը, այլև տագնապալի հումանիտար հետևանքներ են ունենում և բարդացնում իրավիճակը տարածաշրջանում։
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները Արևելքում և ամեն գնով ցանկանում հաջողության հասնել՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Իրավիճակը շատ բարդ է հատկապես Դոնբասում և Խարկովի շրջանում, մասնավորապես՝ Սևերոդոնեցկում, Լիսիչանսկում, Բախմուտում և այլ քաղաքներում, սակայն մեր պաշտպանական ուժերն աշխատում են», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ շատ բան կախված է նաև գործընկերներից և զենքի մատակարարումներից։
«Սպասում ենք լավ նորությունների, շուտով մեր բանակը իր կարողություններով կգերազանցի ռուսական բանակին»,- եզրափակել է Զելենսկին։
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԻ ԳԱԼԻՍ
Եվրախորհրդարանի առաջատար «Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը ռուսական նավթի արգելքի շուրջ քննարկումների ֆոնին դեմ է արտահայտվել Բուդապեշտի համար փոխզիջումների գնալուն։
«Եթե Հունգարիայի վարչապետը արգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապա ստիպված կլինենք նավթի էմբարգոյի հարցը լուծել առանց Բուդապեշտի։ Վիկտոր Օրբանին պետք է հասկացնել, որ նա չի կարող «պատանդ վերցնել» ԵՄ մնացած անդամներին», - նշել է պաշտոնյան։
ԵՄ երկրներն ավելի քան երեք շաբաթ է՝ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Հունգարիան և մի շարք երկրներ դեմ են ռուսական նավթի էմբարգոյին, նրանց համոզմամբ՝ դա աղետալի հետևանքներ կունենա իրենց տնտեսությունների համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքն էլ հայտարարել է, որ Եվրամիության միասնությունը սկսել է քանդվել։
«ՋՈԿՈՆԴԱ»-Ի ՎՐԱ ՏՈՐԹ ԵՆ ՆԵՏԵԼ
Փարիզի Լուվրում այցելուներից մեկը տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» նկարի վրա։ Նշվում է, որ երիտասարդը բնապահպան ակտիվիստ է, նրան հաջողվել է մոտենալ նկարին՝ ծեր կնոջ հագուստ հագած։ Նկարը չի տուժել պաշտպանիչ ապակու շնորհիվ։
«Մտածեք Երկրի մասին: Շատերը ոչնչացնում են Երկիրը: Արվեստագետնե՛ր, դուք էլ պետք է հոգ տանեք երկրի մասին, ահա թե ինչու եմ նման բան արել»,- գոչել է տղամարդը, երբ թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս են բերել նրան։
Լուվրը միջադեպի վերաբերյալ որևէ հայտարարություն դեռևս չի արել։