Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ծրագրում են զգալիորեն ընդլայնել պարիսպը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով և ԵՄ-ից ֆինանսական աջակցություն են խնդրում լրացուցիչ շինարարական աշխատանքների համար՝ հայտնում է Associated Press-ը:
Միգրացիայի նախարար Պանայոտիս Միտարակիսը հայտնել է, որ պողպատե պատնեշը ներկա 40 կիլոմետրից կհասցվի 120-ի, շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին: Նախարարը չի հայտնել նախագծի գնահատված արժեքը:
Ավելի վաղ Հունաստանը մեղադրել էր իր հարևան և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ միգրացիան որպես ԵՄ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց օգտագործելու համար։ Անկարան հերքել է մեղադրանքը՝ պնդելով, որ իր վրա մեծ բեռ է վերցրել՝ ընդունելով մոտ 4 միլիոն փախստականի: Նրանց մեծ մասը փախել է հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմից։