Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:
Բաչկովը կարիերայում երրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև ինձ (ծիծաղում է), քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյոմ Գոմցյանը:
Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: