Երևանում ավարտվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը:
Այսօր՝ մայիսի 30-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):
Կիսաեզրափակչում առաջինը պայքարի է դուրս եկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժևսկու հետ, երեք ռաունդում էլ, ունենալով բացահայտ առավելություն, տպավորիչ հաղթանակ է տոնել:
«Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար: Եվրոպայի առաջնության եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն այսօր մենամարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլու հետ:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի կիսաեզրափակչում մենամարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ. երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել է 5-0 հաշվով: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն էլ կիսաեզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մենամարտել է Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ և պարտություն կրել մրցավարների որոշմամբ:
Հայ բռնցքամարտիկը, ինչպես նաև հավաքականի մարզչական շտաբն ու ֆեդերացիայի ներկայացուցիչները, համաձայն չլինելով մրցավարների որոշմանը, հրաժարվել են լքել ռինգը՝ ի նշան բողոքի: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը կապ է հաստատել միջազգային ֆեդերացիայի գործընկերների հետ՝ քննարկելով մենամարտի ելքը վերանայելու հարցը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա:
Եթե ոչինչ չփոխվի, ապա Նարեկ Մանասյանը կհռչակվի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն ժամը 17:00-ից: Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Արթուր Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ: