Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը առավոտյան Ֆրանսիայի հրապարակից սկսել է անհնազանդության ակցիաները:
Քայլերթով հասնելով Կառավարության 3-րդ մասնաշենք՝ ընդդիմադիրները հայտարարել են, որ շենքի մուտքերը փակելու մտադրություն չունեն, պարզապես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ցանկանում են մտնել շենք, հանդիպել նախարարներին և հասկակալ՝ նրանք կո՞ղմ են, թե՞ դեմ ընդդիմության ավելի վաղ հրապարակած հայտարարությանը:
Հիշեցնենք, այդ հայտարարությունը վերաբերում է Արցախի հետագա կարգավիճակի ամրագրմանը, մտահոգություն է հնչեցվում, որ սահմանազատման և սահմանագծման հնարավոր գործընթացի հետևանքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է խաթարվել:
Պատգամավորները ներս մտնել չեն կարողացել, քաշքշուկ է սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեն հեռանալու շենքի մոտից, մինչև չհանդիպեն նախարարներին:
Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել, 2 ոստիկան և 2 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց:
Թեև շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նախապես հայտարարել էր, որ Կառավարության շենքի մոտից չեն հեռանա, մինչև չհանդիպեն նախարարներին, այդ հայտարարությունից շուրջ մեկ ժամ անց նշել է, որ իր տեղեկությամբ նախարարները շենքի հետնամուտքից հեռացել են:
Ընդդիմադիրները ապաշրջափակել են շենքը, շատ չանցած նորից վերադարձել տարածք, որտեղ կրկին քաշքշուկ է սկսվել: Այս պահին շարժման ներկայացուցիչները Ֆրանսիայի հրապարակում են:
Հեղինակ՝ Անի Օհանյան