ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 90 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են աշխարհում պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը։ Պուտինի համոզմամբ՝ պարենային ճգնաժամն Արևմուտքի տնտեսական և ֆինանսական սխալ քաղաքականության և հակառուսական պատժամիջոցների հետևանքն է։
«Ռուսաստանը պատրաստ է նպաստել սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանմանը», - նշել է Պուտինը, հավելել՝ ռուսական կողմը բաց է Կիևի հետ երկխոսության վերսկսման համար։
Գերմանիայի կառավարությունից էլ տեղեկացրել են, որ Մակրոնն ու Շոլցը Ռուսաստանի ղեկավարին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը և ուղղակի բանակցություններ սկսել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
ԿԻԵՎԸ ՌԴ-ԻՆ ՉԻ ԶԻՋԻ ՈՉ ՂՐԻՄԸ, ՈՉ ԴՈՆԲԱՍԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան պետք է վերականգնի մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը, հետո արդեն դիվանագիտական ճանապարհով վերադարձնի Ղրիմն ու Դոնբասը, այդպիսին է ուկրաինական հակամարտությունում հաղթանակի՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեսլականը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է բանակցել միայն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ուկրաինան անպայման կհաղթի այս պատերազմում: Այլ հարց է՝ երբ և ինչ գնով։ Չեմ կարծում՝ կարող ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը միայն ռազմական ճանապարհով․ այդ դեպքում հարյուր հազարավոր մարդկանց կկորցնենք»,- նշել է նա, հավելել, որ Կիևը Ռուսաստանին չի զիջի ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը։
Զելենսկին նաև ընդգծել է՝ եթե եվրոպացի առաջնորդները չեն ցանկանում Ուկրաինային տեսնել ԵՄ կազմում, ապա պետք է հստակ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Նա նա դեմ է արտահայտվել Եվրամիությանն անդամակցության ցանկացած այլընտրանքի:
ԲԵՌԼԻՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԼՔԵԼ Է ԿԻԵՎԻՆ. ՄԵԼՆԻԿ
Բեռլինը ռազմական առումով լքել է Կիևին, հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը։
«Նրանք, հավանաբար, այդքան խիզախություն չունեն, որ ծանր սպառազինություն տրամադրեն մեր երկրին», - կարծիք է հայտնել Անդրեյ Մելնիկը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նույնպես հուսադրող ազդակներ չկան։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Գերմանիան ջանքեր չի գործադրում Կիևին աջակցելու համար, այդ թվում՝ զենքի մատակարարման հարցում։
«Մինչ մենք խոսում ենք, ուկրաինացի զինվորները սովորում են՝ ինչպես կիրառել գերմանական ինքնագնաց հաուբիցները։ Մոտ ապագայում Գերմանիան դրանք կմատակարարի Ուկրաինային։ Այնուհանդերձ, Բեռլինը չի կարող կատարել Կիևի բոլոր ցանկությունները», - պարզաբանել է պաշտոնյան:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ ԼՔԵԼ Է ՇՈՒՐՋ 7 ՄԼՆ ՄԱՐԴ. ՄԱԿ
Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է շուրջ 7 միլիոն մարդ, հայտնում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից։
Մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 36 հազար մարդ։ Լեհաստան է տեղափոխվել 3,5 միլիոնից ավելի փախստական, Ռումինիան ընդունել է շուրջ մեկ միլիոն մարդու, Ռուսաստանը՝ 970 հազար, Հունգարիան՝ 671 000 փախստականի։
Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերի խոսքով՝ երկրին միլիարդավոր եվրոներ են պետք ուկրաինացի փախստականներին օգնելու համար, իսկ Եվրահանձնաժողովի առաջարկած միջոցներն այսօր բավական չեն։
ԹՈՒՐՔԻԱՆ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
Թուրքական բանակի հրետանին ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող Զարքան բնակավայրը, հայտնել են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական դաշինքի հրամանատարությունից:
Նշվում է, որ ավելի քան 7 հազար բնակչություն ունեցող Զարքանում և դրա շրջակայքում պայթել է առնվազն 320 արկ: Բնակավայրում են ապաստանել նաև փախստականներ Ռաս Էլ Այն սահմանային շրջանից: Կան ավերածություններ, տուժել են բնակելի շենքեր։
Կոմյունիկեում ասված է՝ թուրքական օկուպացիոն ուժերը կիրառում են կոլեկտիվ պատժի քաղաքականություն և օգտագործում են հեռահար զենքեր՝ տարբերություն չդնելով ռազմական և քաղաքացիական թիրախների միջև։