ՍՏՈԿՀՈԼՄԸ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Վաշինգտոնը ցանկանում է, որ ամերիկյան ռազմական աջակցությունն ամրապնդի Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Զրուցել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ, քննարկել ենք Կիևի կարիքները, ինչպես նաև համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված հարցեր»,- մանրամասնել է պաշտոնյան՝ անդրադառնալով Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցին, որից հետո ուկրաինացի դիվանագետը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ավելի շատ ծանր սպառազինություն ուղարկել Կիև։
Բլինքենը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում առաջընթաց կգրանցվի։
«Ամենակարևորն այն է, որ այդ երկու երկրներն անմիջականորեն խոսում են Թուրքիայի հետ, հաշվի առնում Անկարայի մտահոգությունները և փնտրում դրանք լուծելու տարբերակներ»,- նշել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմը և Հելսինկին լիովին համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքի ժողովրդավարական, ռազմական և տնտեսական չափանիշներին։
Ֆինլանդիայի արտգործնախարարի կարծիքով՝ Թուրքիայի հետ բանակցություններում հարկավոր է որոշակի արդյունքի հասնել մինչև հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
«Թուրքիային մտահոգում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ Ֆինլանդիայի կապը։ Բայց մենք հայտնել ենք Անկարային, որ այն արգելված կազմակերպություն է մեր երկրում»,- մանրամասնել է Հաավիստոն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Ֆինլանդիան ինքնուրույն կհոգա իր անվտանգության մասին, սակայն ուզում է համոզված լինել, որ ԱՄՆ-ն օգնության կհասնի իրավիճակի սրման դեպքում։ Դիվանագետը նաև վստահեցրել է՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքներ չի նկատում։
ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԿՌՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ. ՋՈՆ ՔԻՐԲԻ
Վաշինգտոնը մտադիր չէ կռվել Ուկրաինայում ո՛չ օդում, ո՛չ ծովում՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ ռազմական ուժերը կներգրավվե՞ն Օդեսայից հացահատիկի արտահանումն ապահովելու գործընթացին։
Ջոն Քիրբին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու վերաբերյալ։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիները դրանց կարիքն ունեն։ Մշտական կապի մեջ ենք Կիևի ղեկավարության հետ, ռազմական աջակցության հարցը քննարկվում է», - հավատացրել է պաշտոնյան։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի առանցքային թեմաներից մեկն Ուկրաինայում իրավիճակն է։ Վեհաժողովի նախագահ Ջերալդ Քոնոլին կարծիք է հայտնել, որ Կիևին երկրի օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական միջոցներ տրամադրելը չի նպաստի հակամարտության կարգավորմանը։
«Պետք է այլ տարբերակներ փնտրել։ Մենք չենք ցանկանում, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվի»,- ընդգծել է նախագահը։
Լիտվայի պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել է, որ Վիլնյուսը հանդես է գալիս Ուկրաինային այնպիսի միջոցների տրամադրման օգտին, որոնք թույլ կտան վերահսկել երկրի օդային տարածքը, և վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում առաջ կտանի իր այդ դիրքորոշումը։
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՓՀԵՆՅԱՆԻ՝ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի ԱԳ նախարարներ Պակ Չինը և Յոշիմասա Հայաշին դատապարտել են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակումները՝ միաժամանակ հաստատելով Փհենյանի հետ առանց նախապայմանների շփումների պատրաստակամությունը։
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել եռակողմ գործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցում։
Նրանք Փհենյանին կոչ են արել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով ստանձնած պարտավորությունները, դադարեցնել միջազգային իրավունքը խախտող և տարածաշրջանն ապակայունացնող գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։
ԻՐԱՆԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԱՌԳՐԱՎԵԼ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում հունական երկու բեռնանավ են առգրավել:
Կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հունաստանի իշխանություններն ապօրինի գործունեություն են ծավալում Պարսից ծոցում, և Իրանի իշխանությունները կարող են առգրավել այնտեղ գտնվող հունական առնվազն 17 նավ:
Լրատվամիջոցների տվյալով՝ Իրանը հունական նավերն առգրավել է՝ ի պատասխան Հունաստանի՝ իրանական նավթ տեղափոխող բեռնանավի առգրավմանը:
Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նավերի առգրավումը՝ Իրանի գործողությունները որակելով ծովահենություն, զգուշացրել՝ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների վրա։