ԵԱՏՄ-ԻՐԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության երկրների ավելի սերտ ինտեգրումը մեր տնտեսություններին թույլ կտա դառնալ ավելի ուժեղ և անկախ՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում։
«Չնայած ինտեգրմանը խանգարելու Արևմուտքի փորձերին՝ շատ օտարերկրյա գործընկերներ մեծապես հետաքրքրված են ԵԱՏՄ-ով»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է նաև, որ Մոսկվան աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի երկարաձգմանը։
Նիստի ընթացքում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է մայիսի 29-ը հայտարարել Եվրասիական տնտեսական միության օր․ Վլադիմիր Պուտինը ողջունել է այդ նախաձեռնությունը։
ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ֆինլանդիայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության սրացում չի ակնկալվում, Հելսինկին կողմ է Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելուն՝ համոզմունք է հայտնել Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
«ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացների ֆոնին ոչինչ չենք նկատում: Սահմանը խաղաղ է, բայց մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր սցենարներին»,- նշել է նախարարը։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հերքել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար երկրին ներկայացվող մեղադրանքները:
«Շվեդ քաղաքական գործիչները չեն ներկայացնում այդ ահաբեկչական կազմակերպությունը: Բռնությունը, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը տեղ չունեն մեր ժողովրդավարական հասարակությունում»,- հայտարարել է Անն Լինդեն։
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիային արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։ Նախագահը պահանջել է նաև վերացնել հակաթուրքական պատժամիջոցները, մասնավորապես՝ զենքի էմբարգոն։
ՎՐԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՐԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄԸ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Վրաստանի իշխանություններն ուժեղացրել են «Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետի աշխատանքը՝ խուսափելու այնպիսի ապրանքների շրջանառությունից, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված է Արևմուտքի և մի շարք այլ երկրների հակառուսական պատժամիջոցների պատճառով՝ հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա հավատացրել է, որ մինչ օրս Վրաստանում Մոսկվայի դեմ սահմանափակումները շրջանցելու փորձեր չեն արվել։
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից տեղեկացրել էին, որ աշխատում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ։ Կառույցի տվյալով՝ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան մուտք գործելու համար սպասում է 900 բեռնատար, որոնց գրանցման համար պահանջվում է միջինը 2-3 օր։
«Մինչև այս տարվա հուլիս կներդրվի մեքենաների անցման լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։ Այդպիսով՝ Վերին Լարս անցակետում մեքենաների անցման գծերի թիվը կհասնի 39-ի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մինչ այս անցակետով օրական անցել է մինչև 1500 ավտոմեքենա, այդ թիվը հնարավոր է հասցնել 2300-ի։
ԱՄՆ-ԳԵՐՄԱՆԻԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բեռլինը և Վաշինգտոնը կգործակցեն էներգետիկայի և կլիմայի ոլորտներում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը և կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին։
Փաստաթուղթը ներառում է երեք հիմնական կետ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, էներգետիկ անցման համար տեխնոլոգիաների համատեղ մշակում և աջակցություն երրորդ երկրների էներգետիկ անվտանգությանը։
«Էներգետիկ նոր աղբյուրների անցնելու համար անհրաժեշտ են գազի այլընտրանքային մատակարարներ։ Դա կօգնի Գերմանիային և Եվրոպային հրաժարվել ռուսական մատակարարումներից»,- նշել է Հաբեքը։
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԻԵՎԻՆ
Ուկրաինայի ղեկավարությունը հակասական հայտարարություններ է անում, որոնք թույլ չեն տալիս մեզ հասկանալ՝ ինչ է ուզում Կիևը, նշել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել։
«Բանակցություններն այժմ սառեցված են ուկրաինական կողմի որոշմամբ»,- պնդել է ՌԴ նախագահի խոսնակը։
Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին տեղեկացրել է, որ բանակցող խմբերի աշխատանքների հետ կապված խնդիրներ կան։
«Դրանց դինամիկան միառժամանակ նվազել է, սակայն ձևաչափը, գուցե, դեռ ամբողջովին սպառված չէ․ այս հարցում բավական զգույշ եմ արտահայտվում»,- նշել է պաշտոնյան։
Ռուսական կողմը դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց է գրանցում Դոնբասում՝ Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
«Լոնդոնը և դաշնակիցները պետք է Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարեն»,- նշել է Բորիս Ջոնսոնը։
Վարչապետի խոսքով՝ դրանք թույլ կտան ուկրաինացիներին պաշտպանվել ռուսական հրետանուց։