Հիմա արդեն ռուսական «Լադան» ավտոսրահում 5.2 մլն արժի,
էժան թե թանկ՝ թանկացել են բոլոր մեքենաները, նոր խմբաքանակը մոտ 20 տոկոսով ավելի բարձր գին կունենա՝ տեղեկացնում է սրահի մենեջերը:
Արման Թադևոսյան (ընկերության մենեջեր) - Որովհետև էս ընթացքում արդեն ևս թանկացել են գործարանում, բացի դրանից, ռուբլու արժևորումը ևս բերելու ա իրա թանկացմանը:
Շուկայում մեքենաների գների բարձրացումը դեռ նախորդ տարվանից էր նկատելի՝ համավարակով պայմանավորված, այս տարի արդեն ռուս-ուկրաինական լարվածությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոլորտին երկրորդ հարվածը հասցրին:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Կրակի վրա յուղ լցվեց, հատկապես գնաճի տեմպերը ավելացան էներգակիրների, մետաղների համար: Մետաղների գները մոտ 1.5-2 անգամ թանկ են՝ ալյումինի, պղնձի, պալադիումի:
Մեքենաների գների վրա, տնտեսագետի գնահատմամբ՝ ազդում է նաև միջազգային բեռնափոխադրումների թանկացումը, նաև համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան, օրինակ՝ մեքենա արտադրողները տարբեր դետալներ տարբեր երկրներում են պատվիրում, դրանց փոխադրումը տեղից տեղ նորից գին է բարձրացնում:
Նարեկ Կարապետյան - Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեց հատկապես Սև ծովի փոխադրումների մասով, ապահովագրության սակագները աճեցին, եթե մինչև համավարակը 0.2 տոկոս էր, հիմա մինչև 10 տոկոսի է հասել, հսկայական չափով ավելացնում է գինը: Այս հանգամանքների ֆոնին ընդհանուր համաշխարհային շուկայում գնաճային ֆոն է ձևավորվել:
Ավտոշուկայում առկա խնդիրները նաև ավտոպահեստամասերին է անդրադառնում։ Մի մասը թանկացել է, մյուս մասի առումով պակասուրդ է նկատվում։
Խնդիրը հիմնականում կապված է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցների հետ։ Պարզվում է՝ այդ պատճառով Ռուսաստանում ավտոմասերի գները մոտ 80-100%-ով բարձրացել են, իսկ Հայաստանը հիմնականում հենց Ռուսաստանից էր պատվիրում դրանք:
Որպես այլընտրանք ներմուծողները փորձում են Դուբայից ավտոպահեստամասեր ներկրել, այս դեպքում էլ նշում են՝ բեռնափոխադրումներն են թանկացել: Մասնագետների կարծիքով՝ ոլորտում գները կկարգավորվեն ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ավարտից հետո: