Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանգամանորեն քննարկել են գլոբալ պարենային անվտանգության ապահովման ոլորտում տիրող իրավիճակը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
ՌԴ նախագահը պարզաբանել է պարենի մատակարարման դժվարությունների պատճառները՝ նշելով, որ դրանք Արևմուտքի սխալ տնտեսական և ֆինանսական քաղաքականության, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների հետևանք են:
Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստելու հացահատիկի անարգել արտահանմանը, ներառյալ՝ սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանմանը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարման ավելացումը, որի համար անհրաժեշտ է վերացնել համապատասխան պատժամիջոցները, կնպաստի պարենային ապրանքների համաշխարհային շուկայում լարվածությունը նվազեցնելուն:
Գերմանիայի կառավարությունից էլ հայտնել են, որ հեռախոսազրույցը տևել է 90 րոպե: Նշվում է, որ Մակրոնն ու Շոլցը Պուտինին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և դուրս բերել ռուսական ուժերը, ուղղակի բանակցություններ սկսել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Պուտինն էլ հայտնել է, որ ռուսական կողմը բաց է Կիևի հետ երկխոսության վերսկսման համար։