Ատոմակայանի ռեակտորի մեջ ամեն լիցքավորման ժամանակ 349 հատ այսպիսի՝ մոտ 4-մետրանոց վառելիքային կասետներ են տեղադրվում, ի դեպ՝ մակետի վրա ուրանը կարմիրով ներկածն է։ ԱԷԿ-ի հերթական պարապուրդի 42-րդ օրը՝ ուրբաթ կեսօրի դրությամբ, Մեծամորում արձանագրում են․
Մովսես Վարդանյան (ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ) - Լիցքավորումն ավարտել են, հիմա ռեակտորն արդեն փակ վիճակում է, առաջիկա ժամերին կդնենք ճնշման տակ:
Էներգետիկ ցանցին կայանը կմիանա նախատեսված բոլոր ստուգումների ավարտին՝ հունիսի 27-ին։ Նորոգման-արդիականացման ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հայկական ԱԷԿ-ում առաջ են տանում գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման՝ մինչև 2026 թվականը երկարաձգված ժամկետը ևս մեկ փուլով երկարաձգելու ծրագիրը: Շահագործվի այնքան, որ հասցնենք նորը կառուցել՝ ասում է Մովսես Վարդանյանը։
Մովսես Վարդանյան - 2026 թվականից հետո արդեն Հայկական ատոմակայանը կայացրել է նման որոշում՝ կայանը շահագործել ևս 10 տարի՝ մինչև 2036 թվականը:
Այդ նպատակի համար ԱԷԿ-ում առաջնահերթ ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնել, հենց դրա համար էր, որ հատուկ տեխնոլոգիայով անցած տարի այն թրծվեց։ 150 ժամ տևողությամբ 475 աստիճան շիկացած, ապա որոշակի արագությամբ սառեցված պողպատը մոտ 85 տոկոսով երիտասարդացել է՝ ստուգման արդյունքն է ներկայացնում կայանի գլխավոր ինժեները։
Արթուր Գրիգորյան (ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեներ) - էս օտժիգից հետո ապացուցված է, որ կորպուսի մետաղը կարող է շահագործվել մինչև 39 թվականը:
Սկսված է կայանի հովացման երկու աշտարակի կապիտալ նորոգումը։ Գործող ենթակայանն առաջիկայում կփոխարինվի նորով։ Շուտով մրցույթ կհայտարարեն նաև նոր դիզել-գեներատորային կայանի համար։ Կատարվող ամբողջ գործը, ներառյալ միջուկային վառելիքի գումարը, բյուջեից է։ Պարտք չկա։ Գրեթե լուծված է օգտագործված վառելիքի պահեստարանի հարցը: 90-ականներից սկսած, ինչ գնացքը՝ երկաթուղին, Ռուսաստան չի հասնում, դրանք պահվում են Հայաստանում։
Մովսես Վարդանյան - Երեք շինություն կառուցված է, չորսի համար բոլոր պահեստամասերն ունենք, կկառուցենք: Մենք մինչև 2034-36 թվականները միջուկային վառելիքի պահպանման խնդիր այստեղ չունենք:
Ստեղծված հայ-ռուսական մասնագիտական հանձնաժողովն այժմ տարբեր հզորության բլոկների կառուցման տեխնիկատնտեսական նախնական հաշվարկներ է սկսել, որ հիմնավորեն՝ որն ի՛նչ կարժենա, ու դիմեն Կառավարությանը։ Հնարավո՞ր է օրերս ստորագրված հայ-ամերիկյան միջուկային ոլորտի համագործակցության հուշագրի հիման վրա Երևանն ընտրի ամերիկյան մոդուլային փոքր կայանների տարբերակը՝ Վարդանյանից հետաքրքրվեցին լրագրողները։
Մովսես Վարդանյան - էս պահին, կարծեմ՝ իրենք դեռ չունեն էդ բլոկների վերջնական լիցենզիան։ Նմանատիպ բլոկներ իրենք պատրաստվում են Ուկրաինայում կառուցել:
Ատոմային մեր էներգետիկները երկրի համար ընդունելի չեն համարում նաև այս ընթացքում հնչած մեկ այլ տարբերակ՝ ռուսական մոդելով, սուզանավի կամ սառցահատի ռեակտորի բազայի վրա, մինչև 75 ՄՎտ-անոց բլոկի կառուցումը։ Փոքր է, շատ փոքր։ Հայաստանի նախընտրությունը, ըստ Վարդանյանի, պետք է լինի.
Մովսես Վարդանյան - Հիմա շուկայում կա և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ իհարկե ռուսական՝ ստանդարտ բլոկները՝ 1000-1200 ՄՎտ-անոց, որ մեր սեյսմիկ զոնային համապատասխան են: Էդ բլոկները շատ լավ բլոկներ են: Էդ հզորությունը, ճիշտն ասած, օպերատորն ու հանձնաժողովը համարում են մի քիչ շատ Հայաստանի համար, բայց դրանք 100 տարվա ժամկետ ունեցող բլոկներ են, և հույս ունեմ, որ Հայաստանը պետք է առաջ նայի, այդ թվում՝ 100 տարի:
100 չգիտեն՝ 30 տարի հաստատ: Հաղթանակն անխափան կծառայի՝ արդիականացված իրենց ենթակայանի մասին ասում են Բարձրավոլտերի «Հարավային» տեղամասում, ցույց տալիս հպարտություն տրանսֆորմատորների անձնագիրը։
Նոր սերնդի սարքերի այստեղ անցել են Համաշխարհային բանկի 14 մլն դոլար վարկով 2 տարի առաջ իրականացրած հիմնանորոգման շնորհիվ։ Արդիականացման հերթում «Հարավային» տեղամասի մյուս ենթակայաններն են։
Արման Գրիգորյան (ՀՀ ԲԷՑ «Հարավային» տեղամասի պետ) - Նախատեսված է այս տարվա մեջ, հավանաբար, եկող ամսվանից, «Արարատ-2» և «Զովունի» ենթակայանների վերանորոգման աշխատանքները:
Էնեգետիկ հանգույցները թարմացնելը մի քանի խնդիր է լուծում։ Սպառողի համար կարևորներից՝ կրճատվում են էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդող ցանցային կորուստները, պակասում են վթարային անջատումները։
Անդրանիկ Պապոյան (ՀՀ ԲԷՑ «Հարավային» տեղամասի գլխավոր ճարտարագետ) - Սարքավորումների պատճառով առաջացող վթարների քանակը նվազել է, ինչպես նաև նվազել է շահագործման ծախսերը:
Կայանում անդադար դզզոցի ձայն է․ սարքերը, պարզվում է, այդպես արձագանքում են մեր տներ հասնող էլեկտրաէներգիայից 1000 անգամ հզոր լարմանը։
ՀԱԷԿ-ում փորձում են մինչև 2026 թ. երկարաձգել հին էներգաբլոկի աշխատանքը, զուգահեռ՝ կառուցել նորը: