Կրասնի Լիման քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հերքում է` Լիմանի համար կատաղի մարտերը շարունակվում են։
Կողմերը հայտնում են նաև երկու երկրի զինված ուժերի կորուստների մասին։
Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 3200 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Խոցվել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման ավելի քան 600 շրջան։
Ուկրաինայի ցամաքային ուժերի տվյալով՝ փետրվարի 24-ից խոցվել է ավելի քան 1300 ռուսական տանկ, շուրջ 3200 զրահատեխնիկա, 500-ից ավելի ԱԹՍ։ Պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովն էլ տեղեկացրել է, որ Ուկրաինան հրետանային ինքնագնաց կայանք է ստացել, առաջնագծում արդեն աշխատում է 155 մմ տրամաչափի 3 տեսակի հրետանի։
«Արդեն ավելի քան 100 ամերիկյան անօդաչու թռչող սարք ունենք, բայց, իհարկե, ավելի շատ զենք ենք ուզում ստանալ»,- շեշտել է պաշտոնյան
***
Վաշինգտոնը մտադիր չէ կռվել Ուկրաինայում ո՛չ օդում, ո՛չ ծովում՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կարո՞ղ են արդյոք ԱՄՆ ռազմական ուժերը ներգրավվել Օդեսայից հացահատիկի արտահանումն ապահովելու գործընթացին։
Ջոն Քիրբին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու վերաբերյալ։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիները դրանց կարիքն ունեն։ Մշտական կապի մեջ ենք Կիևի ղեկավարության հետ, ռազմական աջակցության հարցը քննարկվում է»,- հավատացրել է պաշտոնյան։
***
Բեռլինը ռազմական առումով լքել է Կիևին՝ հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը։
«Նրանք, հավանաբար, այդքան խիզախություն չունեն, որ ծանր սպառազինություն տրամադրեն մեր երկրին»,- կարծիք է հայտնել Անդրեյ Մելնիկը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նույնպես հուսադրող ազդակներ չկան։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Գերմանիան ջանքեր չի գործադրում Կիևին աջակցելու համար, այդ թվում՝ զենքի մատակարարման հարցում։
«Մինչ մենք խոսում ենք, ուկրաինացի զինվորները սովորում են՝ ինչպես կիրառել գերմանական ինքնագնաց հաուբիցները։ Մոտ ապագայում Գերմանիան դրանք կմատակարարի Ուկրաինային։ Այնուհանդերձ, Բեռլինը չի կարող կատարել Կիևի բոլոր ցանկությունները»,- պարզաբանել է պաշտոնյան:
***
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին պաշտպանական աջակցության ավելացման հնարավորությունը։
«Ջոնսոնի հետ անդրադարձել ենք Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը և մեր երկրին վառելիքի մատակարարմանը»,- հայտնել է նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ Լոնդոնը և Կիևը պետք է միասնաբար կանխեն պարենային ճգնաժամը և ապաշրջափակեն ուկրաինական նավահանգիստները։
***
Պարենային հարցին է անդրադարձել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն է պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում՝ զրկելով վերջինիս հացահատիկի պաշարներից։ «Արևմուտքի մեղադրանքները, թե Մոսկվան արգելափակում է օտարերկրյա նավերը Սև և Ազովի ծովերի նավահանգիստներում, անհիմն են»,- հավելել է դիվանագետը։
***
Վաշինգտոնն իսկապես սառեցրել է ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրենը:
Վլադիմիր Երմակովի խոսքով՝ ներկայումս իմաստ չունի խոսել Արևմուտքի հետ ռազմավարական երկխոսության վերականգնման հեռանկարների մասին:
«Այդ հարցի քննարկմանը, հավանաբար, հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից և Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները կատարելուց հետո»,- ասել է դիվանագետը: