Գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստվում է հունիսի 7-ից սկսվելիք միասնական քննություններին: Շենքի նկուղայինից մինչև մյուս հարկեր դարսված են տպիչ սարքերն ու ստվարաթղթե արկղերը, որտեղ քննական թեստերն են տեղավորվելու և ուղարկվեն կենտրոններ: Այս տարի առաջին փուլով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել կփորձի 13573 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 453-ով ավելի: Դիմորդներն էլ իրենց հերթին են ավելի մեծ թվով քննություններ հայտագրել:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ) - Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ քննությունների թիվը հստակ սահմանվել է երկու: Եթե անցյալ տարիներին կարողանում էին մեկ քննությունով և դպրոցից բերած երկրորդ առարկայի քննությունով ընդունվել բուհ, այս տարվանից, նոր կարգի համաձայն, վերացվեց դա, բոլորի համար սահմանվեց երկու քննություն:
Նախկինում բուհ ընդունվելու համար անհրաժեշտ միասնական քննությունները 1-3-ն էին, բայց ավելի հաճախ բավարար էր լինում մեկը: Իսկ դիմորդների նախընտրելի մասնագիտությունների շարքում արդեն առնվազն երկու տարի առաջին տեղում Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործն» է, երկրորդում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան»: Երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտություններն են:
Կարո Նասիբյան - Տարիներ առաջ, ըստ տեղերի՝ տոկոսային հարաբերությամբ, ավելի շատ դիմում էին իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ ավանդաբար առաջատար են նույն մասնագիտությունները, ուղղակի երբեմն դրանց հաջորդականությունն է փոխվում:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Մարդիկ նայում են այն մասնագիտությունները, որտեղ ավելի շատ աշխատատեղեր կան, և այդ աշխատատեղերը նաև բարձր վճարվող աշխատատեղեր են: Նույն իրավագիտությունը, բժշկությունը և հատկապես ծրագրավորումը հսկայական աշխատատեղեր ունեն, և այդ աշխատանքի դիմաց բավական բարձր վճարում կա:
Դեռ տարիներ առաջ, սակայն, թե՛ պետական, թե՛ հանրային ընկալումն այն էր, որ իրավագետների պահանջարկ չկա, նույնիսկ կա ավելցուկ: Անգամ բուհում պետպատվերով տեղեր չէին հատկացվում:
Կարո Նասիբյան - Հիմա Հայաստանում ավելանում են բիզնեսները, հետևաբար իրենց պետք են իրավաբաններ, բիզնեսներն արդեն միջազգային առևտրի մեջ են, էլեկտրոնային առևտրի, և էս ամեն ինչի համար պետք են իրավաբաններ: Նույն փաստաբանները, հիմա բավական շատ դատական պրոցեսներ են գնում, նույնիսկ ամիսներով, տարիներով հերթեր են, հետևաբար էստեղ էլ փաստաբանների կարիք կա, դատավորները չեն հասցնում, նրանց թիվն է ավելանում:
Թեպետ առջևում դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլն է, մասնագիտությունների դասակարգման փոփոխություններ չեն սպասվում: Երկրորդ փուլի հայտագրումը կլինի հունիսի 26-30-ը ներառյալ: Բայց, ի տարբերություն նախորդ տարիների, երբ լրացուցիչ փուլում կարող էին հայտագրվել ու քննություններին մասնակցել նաև այն դիմորդները, որոնք ինչ-ինչ պատճառներով առաջին փուլին չէին մասնակցել, հիմա այդ հնարավորությունը չի լինի: Պատճառը նոր կարգն է, որով դիմորդը բուհի ընդունելության համար նույն քննությունը կարող է հանձնել երկու անգամ՝ հունվարին և հունիսին, ու ընտրել ավելի բարձր միավորը:
Կարո Նասիբյան - Էսպես է սկզբունքը՝ եթե քեզ թույլատրվում է երկու անգամ քննություն հանձնել, ապա էդ լրացուցիչ փուլը ձեզ համար չէ, լրացուցիչ փուլը այն մարդկանց համար է, ովքեր դրսից են գալիս, ովքեր բանակից են զորացրվել, ովքեր իրենց ատեստատում չունեն հայոց լեզվի գնահատական և ուզում են անպայման իրենց թեստերը թարգմանվեն ռուսերեն, նրանք են գալիս: Այսինքն՝ հստակ գրված է՝ ովքեր են մասնակցում երկրորդ փուլին:
Ամեն դեպքում մի խումբ շրջանավարտներ չեն հայտագրվել առաջին փուլում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ Նասիբյանի՝ նրանք դիմումներ են ներկայացրել կրթական գերատեսչություն՝ խնդրելով թույլատրել մասնակցել առաջիկա քննություններին, քանի որ չեն հասցրել: Այդ դիմումները քննարկվում են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան