«Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիան մեկնարկեց Արմավիրի մարզից՝ Սարդարապատի հուշահամալիրից: Նախ` Առաջին Հանրապետության տոնի առթիվ ծաղկեպսակ դրեցին 1918 թվականին Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ) - «Դիմադրություն» շարժման նպատակն է վերականգնել մեր պետականությունը, մեր անկախության իրական արժեքը` որպես հայ մարդու հավիտենականության խորհրդանիշ: «Դիմադրություն» շարժման նպատակն է մայիսի 28-ին կերտել նոր արշալույս Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համար:
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի մայրաքաղաք, որտեղ արդեն երեկոյան մեկնարկեց հանրահավաքը: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ելույթը սկսեց հերոսամարտի մասին պատմական ակնարկով, ապա դիմեց այն քաղաքացիներին, որոնք չեն միանում իրենց պայքարին՝ նշելով, որ իրենք պատրաստ են լսել ցանկացած քննադատություն:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - էս հարթակը բոլորինն է, մի՛ պատճառաբանեք, թե այստեղ չեք այս կամ այն մարդու պատճառով, սեղանին դրված է Արցախի գոյության հարցը:
Այս հանրահավաքի մասին ընդդիմությունը հայտարարել էր դեռ օրեր առաջ՝ այն անվանելով համապետական, բոլորին կոչ արել մասնակցել դրան: Հանրահավաքին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը «Լուրեր»-ին փոխանցեց, որ Վանեցյանն այսօր Եվրոպա է մեկնել առողջական խնդիրների պատճառով: Հարցին, թե Արթուր Վանեցյանը արդյո՞ք կմասնակցի ԱԺ-ի՝ հունիսի 3-ի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, Հակոբյանը նշեց, որ նման տեղեկություն չունի:
Այդ նիստի օրակարգին անդրադարձավ Իշխան Սաղաթելյանը՝ այն որակելով հայանպաստ, նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:
ՔՊ-Ն ՉԻ ՏՐՎԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺԻՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը երեկ հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: Հովհաննիսյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին։
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ:
Այժմ առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։
Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժ. 18.30-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է մոտ 5850 մարդ: