Մտորումների թատրոնը Գյումրիում բացվեց համավարակի պարտադիր կարանտինի օրերին: Ինտենսիվ սկսել է գործել այս տարվանից: Այն ոչ ակադեմիական, այլընտրանքային թատրոն է, մի վայր, որտեղ կարելի է մտորել։
Հովհաննես Հովհաննիսյան (Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր) - Գյումրիում մեկ ակադեմիական թատրոն կա, որը ամբողջ մարզին բավարարում է, բայց գաղափար կար երիտասարդների համար բացել, որ կհավաքվեին, և հերոսություն կանեինք, գժություն կանեին։
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն ավարտող երիտասարդ դերասաններից շատերը չեն վերադառնում Գյումրի։ Մտորումների թատրոնն այն տեղն է, ուր դերասանն անցնում է փորձաշրջան, հղկվում, ձեռք բերում վարպետություն՝ ասում է հիմնադիրը:
Հովհաննես Հովհաննիսյան - Տարածքը այլընտրանքային է, ուրիշ է, չկան կուլիսներ, դրա համար Գյումրու մտորումների թատրոն։ Մտորում եթե չառաջացներ, ապա ես այդպիսի անուն չէի դնի, Մտորումների թատրոն է սա։
Սա երիտասարդական թատրոն է, նոր ուժ է, այլընտրանքային տեղ, երիտասարդները շատ են, նոր հանդիսատես է ձևավորվում։
Խաղացանկում հիմա արտագաղթի թեման է։ Երիտասարդ արվեստագետը ցանկանում է լքել երկիրը՝ դրսում փառք ու հաջողություն որոնելու ակնկալիքով ու հանդիպում իր երկրորդ «ես»-ի ու մոր հանդիմանությանը։ Պե՞տք է արդյոք հետևել հարևանի քայլերին, թե՞ ոչ։
Երկու դերասանի խաղ ու երիտասարդ ռեժիսորի առաջին ներկայացումը:
Դավիթ Մարդոյան (Գյումրու մտորումների թատրոնի ռեժիսոր) - Առկա էր չգնալու, պայքարելու նյութը, հիմա ունենք խնդիր չգնալու։ Չգնա ազգի արվեստագետ տեսակը, որ պետք է ազգին, եթե այդ տեսակը մնա, պայքարի, ոչ մեկը ժամանակի ընթացքում երկիրը չի լքի:
Երկար ներքին պայքարից հետո արվեստագետը որոշում է կայացնում՝ ճիշտը սեփական երկրում մնալն ու պայքարելն է, ապրելը, արարելը, ապրեցնելը։
Մարդոյանն ասում է, որ հաջորդ ներկայացումը կլինի կոչ դրսում ապրող հայերին՝ վերադառնալ երկիր, ստեղծել տուն, որտեղից հեռանալը ցնորք կլինի։