Ծաղկեպսակ ու հարգանքի տուրք Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Սարդարապատում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մեր երկրի բարձրագույն ղեկավարությունն ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Հայաստանի նախագահը շնորհավորում է Հանրապետության տոնի առթիվ: Վահագն Խաչատուրյանը շեշտում է՝ հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամու ասպատակությունների ու արշավանքների, բայց, նախագահի համոզմամբ, մենք միշտ փայփայել ենք անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Դժվար ժամանակներ ենք ապրել, դժվար օրեր ենք ապրել, բայց կարողացել ենք մեր պետականությունը պահպանել, և մեր հաջողությունները պայմանավորված են եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել:
ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հանրապետության տոնի առթիվ նաև պետական բարձր պարգևներ: «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի և «Արիության» մեդալներով են պարգևատրվում զինված ուժերում աչքի ընկած լավագույն զինծառայողներն ու կամավորականները:
Արտակ Սիմոնյան (ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ) - Պետական պարգևը, նախագահի հրամանագրով պարգևատրվեցի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան մեդալով: Իհարկե խորհրդանշական օր է, Առաջին հանրապետության, մեր հաղթանակների, համախմբման օրն է: Խրախուսանքը ոգևորող է և պարտավորեցնող է, մի քայլ ավել՝ ավելի լավն անելու համար:
Մայոր Սիմոնյանի մինչ այս ստացած ամենաբարձր պարգևը «Մարտական ծառայություն» մեդալն է: 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի նախագահը պարգևատրում է նաև «Արիության» մեդալով:
Կոլյա Սիմոնյան (ՀՀ ԶՈՒ մայոր) - Պատերազմից հետո մենք, հավատացեք, որ ավելի տրամադրված ենք ծառայությանը, մեր պարտականությունների ավելի լավ կատարմանը:
Ջրականի առաջնագծում հերոսաբար կռված կամավորական Ոսկան Գյուլումյանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, իսկ սերժանտ Աշոտ Պետրոսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ՝ հետմահու շնորհվեց: Բարձր պարգևները Վահագն Խաչատուրյանը հանձնեց հարազատներին:
Հրանտ Գյուլումյան (Ոսկան Գյուլումյանի որդին) - Կենդանության օրոք շատ կուզեինք ինքը ստանար, ինքն իր աչքերով տեսներ իր վաստակը, ամեն դեպքում հպարտ ենք մենք:
Էդվարդ Պետրոսյան (Աշոտ Պետրոսյանի հայրը) - Մինչ վերջ կանգնել է իր դիրքում, չի նահանջել, մինչև շրջափակման մեջ է ընկել: Երրորդ մեդալն է, որը Հայաստանի կողմից գնահատվում է իմ երեխայի քաջության և նվիրումի համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալն է: Զգում եմ հպարտություն:
ՀՀ նախագահի հրամանագրով պետական բարձր պարգևներով խրախուսվեցին 115 զինծառայող և կամավորական, որից 5-ը՝ հետմահու: