Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Պարսից ծոցում հունական երկու բեռնանավ են առգրավել:
ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հունաստանի իշխանություններն ապօրինի գործունեություն են ծավալում Պարսից ծոցում, և հունական առնվազն 17 նավ, որոնք գտնվում են այնտեղ, կարող են առգրավվել Իրանի իշխանությունների կողմից: Թեհրանը պահանջել է, որ Աթենքը հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկի՝ իրանական նավթի հետ կապված իր առգրավված բեռնանավերի պատճառած վնասի փոխհատուցման համար:
Nournews գործակալության տվյալներով՝ Իրանը հունական նավերն առգրավել է՝ ի պատասխան Հունաստանի՝ իրանական նավթ տեղափոխող բեռնանավի առգրավմանը:
Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նավերի առգրավումը՝ Իրանի գործողությունները որակելով ծովահենություն:
«Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է միջազգային իրավունքի և միջազգային նավագնացության հիմնական նորմերին հակասող այդ ակտերը։ Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել նավերը և նրանց անձնակազմին: Նա նաև ընդգծել է, որ այդ գործողությունները բացասական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Եվրամիության և Իրանի միջև հարաբերությունների վրա»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: