Հայկական գինիները գրավել են եվրոպացի գինեգործների ուշադրությունը: Գերմանիայում կայացած ProWein հեղինակավոր առևտրային ցուցահանդեսին մեր երկիրն այս տարի ներկայացել է միասնական տաղավարով՝ ցուցադրելով գինեգործական 20 ընկերության աշխատանք:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Միասնական տաղավարն ավելի շատ երկիրը ներկայացնելու հնարավորություն է, որպեսզի ճանաչեն, որ Հայաստանը ևս գինեգործական երկիր է, և, բացահայտելով հայկական գինիները` հասկանում են, թե ինչ մեծ ներուժ ունի Հայաստանը միջազգային շուկայում իր տեղը գրավելու համար:
Կառլեն Մանասերյանի ընտանիքին պատկանող գինեգործական ընկերության համար ProWein-ը առաջին միջազգային ցուցահանդեսն էր: 30 տարի առաջ հիմնադրված ընկերությունը մինչև հիմա իր արտադրանքը Գերմանիա է արտահանում առանց պաշտոնական ներկայացուցչի, ինչը բացասաբար է ազդում արտահանման ծավալների վրա:
Կառլեն Մանասերյան (գինեգործական ընկերության ներկայացուցիչ) - Էքսպոն մեզ օգնեց, որ գտնենք դիստրիբյուտորներ, որպեսզի իրենց կապենք արդեն մեր գոյություն ունեցող ներմուծողի հետ ու կարողանանք մեր դիստրիբյուցիան կոնկրետ Գերմանիայում մեծացնենք:
Գինեգործը նկատում է՝ խմիչքի սիրահարները սկսել են հետաքրքրվել գինու ոչ այնքան մեծ արտադրություն ունեցող երկրներով: ProWein-ում հաստատած կապերով հայկական ընկերությունը նախատեսում է մեծացնել արտահանման աշխարհագրությունը:
Կառլեն Մանասերյան - 30-ից ավելի կոնտակտ ունենք, որ պարզապես կոնտակտ չեն, երկար խոսակցություն է եղել, հիմա բանակցությունների փուլում ենք:
Դեպի եվրոպական շուկա հայկական գինիների արտահանման ծավալները Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի համար գոհացուցիչ են:
Թեև դանդաղ, բայց կայուն տեմպով թվերն աճում են՝ նկատում է Մուրադյանն ու շեշտում՝ հայկական գինին մեծ ներուժ ունի եվրոպական շուկայում իր արժանի տեղն ունենալու համար:
Զարուհի Մուրադյան - Քանի որ վերջին տարիներին ավելի շատ որակյալ գինիներ են շուկա դուրս գալիս, այս առումով ևս հետաքրքիր են եվրոպացի սպառողների համար հայկական գինիները:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային գործընկերներին Հայաստանը ներկայացվել է նաև որպես գինեգործությամբ զբաղվող հնագույն երկիր: Նախատեսվում է այս բրենդի միջոցով առաջիկայում զբոսաշրջային հոսք բերել դեպի մեր երկիր:
Հեղինակ` Նորայր Շողիկյան