Մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում Կառավարություն: Լուրը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակն է հրապարակել. համայնքների խոշորացումից հետո 2022-ին ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերը 2019-2021 թվականներից անհամեմատ ավելի են արժեքով:
Արարատի մարզը, օրինակ` համայնքների միավորումից հետո ամենամեծ սուբվենցիոն հայտն է ներկայացրել՝ 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այն դեպքում, երբ 2021-ին 2,27 մլրդ դրամի ծրագիր էր ներկայացրել, 2020-ին՝ 2,56 մլրդի, 2019-ին՝ 1,21 մլրդ դրամի:
Սոս Խաչիկյան (տնտեսագետ) - Կան մարզեր, որ երեք տարիները միասին վերցրած այդքան ծրագիր չեն արել, ես կարծում եմ` ուղղակի ժամանակը պետք է ճիշտ օգտագործել:
Հայտի մեծության ծավալով երրորդ հորիզոնականում Կոտայքի մարզն է: Համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, ավելի շատ, քան նախորդ՝ 2019, 2020, 2021 թվականներին միասին վերցրած:
Ահարոն Սահակյան (Կոտայքի մարզպետ) - Օրինակի համար կուզենայի նշել, որ 2021-ին 6,39 մլրդ դրամի է եղել, 2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի, 2019-ին` մոտ 1,99: Շուրջ 20 ծրագիր է ներկայացվել, 4.3 մլրդ դրամ գումարով, ոռոգման համակարգի երկու ծրագիր ունենք 355 մլն դրամով, մանկապարտեզների ծրագրին 1.8 մլրդ դրամ է նախատեսվել, այդպես շարունակ:
Պետություն-համայնք գործակցությամբ Կոտայքում այս տարի նախատեսվում է նաև 6 մանկապարտեզ վերակառուցել, նորոգել, երկուսը՝ 0-ից կառուցել. այդ համայնքները առաջին անգամ մանկապարտեզ կունենան:
Ահարոն Սահակյան - Կարծում եմ` բոլորն էլ կհաստատվեն: Ակունք և Բալահովիտ համայնքներում նորովի են կառուցվելու, և Հրազդանում ունենք 4 մանկապարտեզի վերանորոգում, հիմնանորոգում` մոտ մեկ միլիարդի սահմանում, և Ծաղկաձոր, Հաճն համայնքներն են նորից հայտ ներկայացրել նորոգման համար:
Տնտեսագետ Սոս Խաչիկյանի գնահատմամբ` համաֆինանսավորվող ծրագրերը պետք է ապահովեն բարձր ցուցանիշներ համայնքային զարգացման, ենթակառուցվածքների նորացման համար:
Սոս Խաչիկյան - Ես կարծում եմ` պետք է ժամանակը ճիշտ օգտագործել, այդ սուբվենցիոն ծրագրերի մի մասը քանի որ կապիտալ ծախսեր է պահանջում տարվա ընթացքում հասցնելու համար, շեշտադրումը որ համայնքային զարգացումն է` ակնհայտ է:
Տնտեսագետի կարծիքով` սուբվենցիոն ծրագրերի իրագործումից հետո հաջորդ փուլը պետք է լինի համայնքների տնտեսական զարգացումը, օրինակ` երբ համայնքը սեփական տնտեսություն է հիմնում ու ֆինանսավորում համայնքային բյուջեն: Մինչև այդ Հայաստանի մարզերից ընդհանուր Կառավարություն են ներկայացվել մոտ 79.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի հայտեր: