700 նոր, 1000-ից ավելի նորոգված դիտահոր Երևանում: Քաղաքապետարանը 2021-ից դիտահորերի փոխարինման, բարձրացման, անձրևորսիչների վերատեղադրման լայն ծրագիր է սկսել: Առաջին փուլը նախորդ տարեվերջին ավարտել են, մոտ 68 մլն դրամ ծախսել: Այս տարի էլ սկսել են երկրորդ փուլը, որի ընթացքում 770 նոր դիտահոր կտեղադրեն, կբարձրացնեն՝ հավասարեցնելով ասֆալտին կամ կբարեկարգեն: 2022-ի աշխատանքների համար քաղաքապետարանը 50 մլն դրամ կհատկացնի:
Էդվարդ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ) - Հիմնականը, որ բողոքները ավելի շատ էին, դա թուջե մտոցի բարձրության հետ կապված հարցն էր, այսինքն՝ կափարիչը ցածր էր: Սովետի ժամանակներից մենք ժառանգություն ենք ստացել, հիմնականում դա է, որին մենք ուշադրություն ենք դարձնում:
Աշխատանքը ժամանակատար է, չափվում են ամեն մի դիտահորի կափարիչի հաստությունը, տրամագիծը, այնուհետև նոր կաղապար ձուլվում, հետո նոր տեղադրվում: Այս տարվա աշխատանքներն արդեն մեկնարկել են, մրցույթը շահած ընկերությունը Երևանի տարբեր վարչական շրջաններում մոտ 170 դիտահոր է փոխարինել կամ նորոգել:
Էդվարդ Շաքարյան - Անցյալ տարի մենք ավելի շատ որոշեցինք լյուկերը բարձրացնել-իջեցնել, իսկ այս տարի որոշեցինք լյուկերի բարձրացման-իջեցման գումարը որոշ չափով նվազեցնել, այդ հարցին ավելի շատ ուշադրություն կդարձնենք ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, քանակն այնտեղ մի քիչ շատացրել ենք, և հիմնական մեր ուշադրությունն այս տարի, որ կափարիչները տեսքի բերենք:
Էդվարդ Շաքարյանը հստակեցնում է՝ դիտահորերի մեծ մասի տակ ենթակառուցվածքներ են, պատկանում են տարբեր ընկերությունների, բայց քանի որ դրանք անհարմարություն են պատճառում երևանցիներին, քաղաքապետարանն իր միջոցներով է նորոգում դրանք:
Էդվարդ Շաքարյան - Մեր աշխարհագրական դիրքը, կոմունիկացիոն ցանցերի խտությունը, փողոցների թողունակության պակասությունը, մայթերի ոչ բարեկարգ վիճակը, կոմունիկացիոն շատ ցանցեր կան՝ անցկացնում ենք մայթով՝ գազն ա գնում, ջուրն ա գնում, հեռախոսը, բոլորը մայթ ա տարված:
Երևանում, մոտավոր հաշվարկներով, 16000 դիտահոր կա: Էդվարդ Շաքարյանի խոսքով՝ արձագանքները գոհացնող են եղել, հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը առաջարկելու են ծրագիրը շարունակել: