Կարաս, կողակ, սազան՝ Ազատի ջրամբարում մեկնարկել է ձկնորսական որսի շրջանը: Ինչպես ջրամբարի, այնպես էլ համանուն գետի տարածքները հարմար են ոչ միայն հանգստի, այլև ձկնորսական զբոսաշրջության համար:
Որպեսզի Արարատի մարզի Լանջազատ բնակավայրն է՛լ ավելի գրավիչ դառնա, Ազատի ջրամբարի տնօրինությունը, համայնքապետարանն ու Լանջազատում գործող «Զոֆիշ» ձկնաբուծարանը որոշել են 50 հազար ծիածանափայլ իշխան բաց թողնել և՛ գետ, և՛ ջրամբար: Վստահ են՝ Գառնիից հոսող սառնորակ ջրերում այս ձկնատեսակը ազատ պայմաններում բնական ճանապարհով ավելի լավ կզարգանա:
Մարատ Հովսեփյան («Զոֆիշ» ընկերության տնօրեն) - Մեկ տարի հետո արդեն 200-250 գրամանոց ձկներ են լինելու մեր գետում:
Մարատը ձկնորսներին խնդրում ու խոստանում է՝ եթե մեկ տարի գետում հոսանքով, իսկ ջրամբարում ձկնորսական ցանցերով որս չանեն, ծիածանափայլ իշխանը բնական եղանակով կզարգանա:
Մարատ Հովսեփյան - Սա ծիածանափայլ իշխան ա, որում կան նաև որձեր, գոնե 1.5-2 տարի հետո կարող է նաև բնական պրոցեսով բազմացում լինի:
Առաջին անգամ են փորձարկում: Լանջազատի ղեկավարը ևս խոստանում է՝ գյուղի ձկնորսները չթույլատրված տարբերակներով որս չեն անի, հիմա առավել ևս կխուսափեն գետում ձուկ որսալուց: Պատրաստ են ամբողջ համայնքով սատարել այս գաղափարին:
Աշոտ Պետրոսյան (Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավար) - Մեր բնակիչները հոսանքով ձուկ չեն որսում, պետք է այնպես անենք, որ ուրիշ տեղերից էլ չթողնենք, որ ինչ-որ մեկը գա հոսանքով ձուկ բռնելու:
Մեկ տարվա ընթացքում մշտադիտարկում կանեն. եթե ստացվեց՝ պատրաստ են յուրաքանչյուր տարի 10 հազար մանրաձուկ բաց թողնել: