Պայմանական մարտի դաշտում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտկոցն է: Պատրաստվում են պայմանական մարտական առաջադրանքի՝ Զինված ուժերում վարժանքներ են: Մարտկոցում 3 հաշվարկ է՝ «Ուլիբկա» օդերևութաբանական կայանը, «Սմերչ» համակարգը և լիցքավորիչ մեքենան: Որ հրթիռը ուղիղ թիրախին հարվածի՝ նախ օդերևութաբանական կայանն է գործի անցնում:
Հայկ Մարտիրոսյան («Ուլիբկա» օդերևութաբանական կայանի պետ, ենթասպա) - Տվյալ համալիրը հիմնականում կատարում է զոնդի թռիչքի ժամանակ ավտոմատ ուղեկցումը, օդերևութաբանական տվյալների ընդունումը, մշակումը, զոնդավորման ժամանակ մետեոտվյալների թողարկումը և փոխանցումը համապատասխան ստորաբաժանումների:
Տվյալները պետք են եղանակային պայմանները, քամու արագությունը պարզելու համար, ինչից հետո գործարկվում է 43.7 տոննա կշռող «Սմերչը»: Ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, թեթև զրահապատ տեխնիկան, ինքնաթիռն ու ուղղաթիռը, հրամանատարական կետը խոցելու համար:
Հովհաննես Դանիելյան (ՀՀ ԶՈՒ մայոր) - Մեքենան ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր, և, կախված այդ արկերից, մենք ունենք նվազագույն կրակրի հեռավորությունը 20 կմ և առավելագույնը՝ 70 կմ, ինչպես նաև նվազագույնը 29 կմ և առավելագույնը 90 կմ:
Մարտկոցի վերջի և անփոխարինելի մեքենան լիցքավորիչն է: Սրանով են լիցքավորում ու լիցքաթափում ռեակտիվ արկերը, միաժամանակ տեղափոխում ու ժամանակավոր պահպանում են դրանք: Տեխնիկական բնութագրով 20 րոպեում 12 արկ լիցքավորելու գործը վարժված անձնակազմը 10 րոպեում է անում: Մինչ մասնագետները ներկայացնում էին տեխնիկան, կայանը երկնքից տվյալները փոխանցեց: Հեռվում մարտական առաջադրանքին սպասող «Սմերչը» բացում է ուղղորդիչները, նշան բռնում:
Հրամանատարին զեկուցում են, թիրախը խոցված է: Ըստ սցենարի՝ մարտական առաջադրանքը կատարած «Սմերչը» հարձակման է ենթարկվում, բայց քանի որ տեղանքն արագ փոխել էր, խուսափում է թշնամական կրակից: Եռօրյա վարժանքներում ներգրավված են հրետանային զորքերը: Զորավարժարանի տարածքում էին նաև ականանետները: Դասընթացը սկսվում է դրա բեռնաթափումից:
Մհեր Բայրամյան (ուսումնական կետի ղեկավար, ավագ լեյտենանտ) - «Կապուտան» ականանետը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար, ինչպես նաև հակառակորդի գրոհի, հակագրոհի կանխման, հակառակ լանջին սարի տեղակայված կենդանի ուժի հակառակորդի ոչնչացման և ճնշման համար:
«Կապուտանի» կրակի առավելագույն հեռավորությունը 7.1 կմ է, արձակում է 120 մմ տրամաչափի ական: Այստեղ՝ պայմանական մարտի դաշտում են ժամկետայինները գործնականում ցուցադրում զենքի տիրապետման իրենց մակարդակը:
Հետախուզական տվյալները փոխանցվում են կրակի կառավարման կետ, որտեղ մարտկոցի ավագ սպան է, հաշվարկները կատարվում են, փոխանցվում են հաշվարկին, նոր իրականացվում է կրակը:
Երկու կրակ, արդյունքը՝ «լավ» և «գերազանց»: Նման վարժանքների նպատակը զինվորների գիտելիքների ու մարտունակության ստուգումն է:
Ռուբեն Գասպարյան (ՀՀ ԶՈՒ գնդապետ) - Խաղարկվում են այսօր և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական թեմաներով զորավարժություններ և, հաշվի առնելով 44-օրյա մարտական գործողությունները, նաև՝ զորավարժություններ շրջափակման մեջ: Որոշ փոփոխություններ մտցրել ենք և անմիջապես պատերազմից հետո մեր պլանային փոփոխություններն արել ենք և ստորաբաժանումները հենց էդ ուղղությամբ էլ աշխատում են:
Վարժանքների ղեկավարներն ու հսկիչ խմբերը վերջում կամփոփեն տվյալները, կնախանշեն թերություններն ու կանցնեն դրանք շտկելու գործին: Գնդապետ Գասպարյանի խոսքով՝ նման պայմաններում են զինվորները իրական՝ գործնական գիտելիք ստանում: Տարվա ընթացքում տարբեր մասշտաբի առնվազն 3 վարժանք ու զորավարժություն է անցկացվում: