Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Կան հատվածներ, որտեղ թափվել է կլիմայական նորմայի 120-ից մինչև 150 տոկոսի չափ տեղում:
Որքան էլ մայիսը տեղումնառատ էր, միևնույն է՝ անցած տարի երաշտով պայմանավորված ոռոգման նպատակով Սևանից վերցրած ջրի պակասը դեռ չի լրանում: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը ցածր է: Նույնիսկ մարտին լեռներում տեղացած առատ ձյան հալոցքը չլցրեց Սևանը: Ջերմաստիճանի տատանումներով պայմանավորված հեղեղումներ չեղան:
Լևոն Ազիզյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Այսօրվա դրությամբ լճի մակարդակը 1900.67 մետր է, դեռևս անցյալ տարվա մակարդակից 22 սանտիմետրով ցածր է:
Կանխատեսումները, սակայն, դրական են՝ ասում է Լևոն Ազիզյանը: Գեղամա լեռներում դեռ ձյուն կա: Սևանի մակարադակի բարձրացում ակնկալում են հուլիսի առաջին տասնօրյակում, բայց միևնույն է՝ անցած տարվա համեմատ բացասական ցուցանիշ է գրանցվելու:
Լևոն Ազիզյան - Կանխատեսում ենք, որ տարբերությունը կիջնի, և հուլիսի առաջին տասնօրյակին կկազմի 5 սանտիմետր, բայց դեռևս բացասական:
Այս տարի Սևանից դեռևս ջուր բաց չեն թողել, մինչդեռ անցած տարի, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով պայմանավորված, առանձին օրերին մինչև 37 աստիճան, ջրառը սկսվեց մայիսի 25-ից: Փոխարենը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջուրն ավելացել է խոշոր ջրամբարներում:
Լևոն Ազիզյան - Ջրամբարներից ամենամեծ լցվածություն առկա է Ազատի ջրամբարում՝ 86 տոկոս ջրալցվածություն ունի, այնուհետև Մարմարիկի ջրամբարում՝ 82 տոկոս, Ախուրյանի ջրամբարում մոտ 80 տոկոս: Ամենից քիչ ջրալցվածությունը Ապարանի ջրամբարում է՝ 54 տոկոս:
Գրեթե բոլոր ջրամբարներում անցած տարվա համեմատ կրկնակի ջուր է կուտակվել: Ընդհանուր առմամբ՝ ջրամբարներում 198 միլիոն խորանարդով ավելի ջուր կա, քան անցած տարի էր: Եթե դրան էլ հավելենք, որ դեռ երեք հազար մետր բարձրություններում ձյան շերտը մեկ մետրից ավելի է, ապա ջրամբարները դեռ լցվելու տեղ ունեն: