Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:
Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել, և հավելել, որ Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:
Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը:
Հանդիպման արդյունքում համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման պայմանավորվածություններ են ձեռք բերվել: