ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամության թեկնածուներ դառնալու համար պետք է ընդունեն թուրքական իշխանությունների պայմանները։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
«Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սակայն նրանց համար դժվար կլինի իրականացնել դաշինքի անդամության թեկնածուներ դառնալու իրենց ձգտումները, եթե մինչև հունիսի վերջը չկատարեն Թուրքիայի պահանջները»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև կասկած է հայտնել, որ Շվեդիային և Ֆինլանդիային չի հաջողվի իրենց նպատակին հասնել հունիսի 28-30-ը կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։
Այդ երկրների՝ դաշինք մտնելու հետ կապված Անկարայի առաջադրած պայմաններից մեկը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների արտահանձնումն է, ինչպես նաև կուսակցությանը ցուցադրվող աջակցության դադարեցումը։