Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ՝ ТАСС-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։ Նրանք մանրամասնել են, որ այժմ անցակետի մոտ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա:
Ավելի վաղ Ведомости թերթը հայտնել էր Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակումների մասին։ Ճշտվել էր, որ Ռուսաստան մուտքի է սպասում մոտ 3000 բեռնատար Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից:
«Մինչև այս տարվա հուլիս կներդրվի 12, մինչև տարեվերջ՝ ևս 12 երթևեկելի գոտի. այսպիսով Վերին Լարս անցակետում երթուղիների ընդհանուր թիվը կհասնի 39-ի՝ 25 գիծ ավելի, քան այժմ է։ Ներկայումս 120-ից ավելի մարդ է աշխատում անցակետի վերակառուցման աշխատանքներում»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։
Գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ ավելի վաղ պիկ ժամանակահատվածում Վերին Լարս անցակետով անցել է մինչև հազար հինգ հարյուր ավտոմեքենա։ Մինչ օրս ձեռնարկված միջոցառումների շնորհիվ անցակետի հնարավորությունը հասցվել է 2300-ի, որից 1 հազարը բեռնատար մեքենաներ են: