ՀՀ ԱԺ նախագահը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջև արդյունավետ և շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղություն հաստատելու հիմնահարցերը:
Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:
Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատև լուծումներին հաջորդում են երկարատև տառապանքները, ինչի հետևանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար:
Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլև միջագային գործընկերների շրջանակում:
Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն և որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարևորը ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի և Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: